Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սերժանտական դասընթացներ` պատանի երկրապահների համար

2014թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ուսանողներ, Երկրապահ կամավորական միության շարքերում ընդգրկված Իջևանի դպրոցների սաներ, զինղեկներ:

Հանդիպմանը մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության վարչության փոխնախագահ Ղ.Ուլիխանյանը, Տավուշի մարզային խորհրդի նախագահ Ռ.Դավթյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը, մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Իջևանի զորամասի հրամանատար, գնդապետ Վ.Հովսեփյանը, Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ Վ.Հովսեփյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ.Նազարյանը:

Հանդիպման նպատակն էր օգնել ուսումնական հաստատություններին՝ պատշաճ մակարդակով իրականացնելու ռազմահայրենասիրական դաստիարակություն, պատանի երկրապահների համար կազմակերպելու սերժանտական դասընթացներ: Նախաձեռնության հիմքը ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության կողմից 2014 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրն էր:

Միջոցառումը բացվեց Տեր Սիմեոնի օրհնանքով: Մասնակիցները հոտնկայս հնչեցրին «Հայր մեր»-ը և ՀՀ օրհներգը` Իջևանի զորամասի նվագախմբի ուղեկցությամբ:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասացին Ղ. Ուլիխանյանը, Վ. Հովսեփյանը, Ս.Առաքելյանը և ուրիշներ:

Մասնաճյուղի տնօրենը, դիմելով պատանի կամավորներին, նշեց. «Այսօր մեզ համար, շատ կարևոր է ունենալ այն սերունդը, որը կկարողանա լիարժեք իրականացնել մեր սահմանների պաշտպանությունը: Դուք առաջին ծիծեռնակներն եք, որ ոտք եք դնում սերժանտական դասընթացների: Ձեզ համար մեծագույն հպարտություն պետք է լինի սերժանտական կոչում կրելը: Փոքր ժողովուրդը կարող է մեծ հաջողություն ունենալ, եթե լավ հիմքերի վրա է դրված ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Սրտանց շնորհավորում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում ձեր ծնողներին, ուսուցիչներին` ճիշտ ուղղությամբ դաստիարակելու և ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարություններին, Երկրապահ կամավորական միությանը` նման նախաձեռնության համար»: