Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական դասընթացը

IMG_1115 2019թ. հունվարի 29-ին և 30-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագրի շրջանակներում IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի կողմից իրականացվող «Բիզնես հմտություններ» թեմայով հերթական երկօրյա դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին Տավուշի մարզի շուրջ 25 երիտասարդներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ և շրջանավարտներ:

Դասընթացը վարեցին “Madatech” ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Բաբայանը և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Գայանե Ավետիսյանը, նույն ամբիոնի ասիստենտ Անժելա Ալեքսանյանը, դասախոսներ Հռիփսիմե Հայրապետյանը, Արփինե Եգանյանը և Մարիետտա Աթաբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց «Երիտասարդների զարգացում» եռամյա ծրագիրը, IAB Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի գործունեությունը, «Բիզնես հմտություններ» դասընթացի մոդուլները և դասընթացավարներին:

Դասընթացն ուղեկցվեց տեսական նյութով, հարցադրումներով և քննարկումներով, թեստերի ու անհատական առաջադրանքների կատարումով և խմբային աշխատանքներով:

Առաջին օրը կայացան «Ժամանակի կառավարում», «Նախագծերի կառավարում» և «Բիզնես պլան» մոդուլները: Մասնակիցները ծանոթացան ժամանակի արդյունավետ օգտագործման սկզբունքներին, առաջադրանքներն ըստ առաջնահերթությունների դասակարգման Էյզենհաուերի մատրիցային, նախագծերի առանձահատկություններին և սահմանափակումներին, կենսափուլերին և կառավարման գործընթացներին, աշխատանքի բաժանման կառուցվածքին (WBS), Գանտի աղյուսակին, բիզնես նպատակների SMART ձևաչափին, բիզնես պլանի կառուցվածքին: Մասնակիցները խմբերով ներկայացրին իրենց կազմակերպության համար միջոցառումների ծրագրի կառուցվածքը, կազմեցին Գանտի աղյուսակը և լրացրին Էյզենհաուերի մատրիցան:

Երկրորդ օրվա սկզբում անդրադարձ կատարվեց բիզնես պլանին, ապա կայացան «Ֆինանսների կառավարում», «Բանակցություններ» և «Վաճառքի հմտություններ» մոդուլները: Ներկայացվեցին շուկան և ներքին շուկան, կազմակերպության տնտեսական ցիկլը, հիմնական հաշվապահական հասկացությունները, ֆինանսական արդյունքների գնահատումը, ֆինանսների գործառույթները, բանակցությունների տեսակները, բանակցային գործընթացի փուլերը, պրոդուկտը, հաճախորդների շարժառիթները, մրցակիցների դերը: Խմբերը բանակցեցին, ապա իրենց տրամադրված իրերից պատրաստեցին ապրանքներ և ներկայացրին դրանց յուրահատկությունները և մրցակցային առավելությունները:

Դասընթացի ժամանակ սուպերմարկետի աշխատակցուհի Մելինա Համբարձումյանը ներկայացրեց կազմակերպության գործունեությունը՝ նշելով նաև, որ ունեն թափուր աշխատատեղեր:

Վերջում դասընթացավարները շնորհակալություն հայտնեցին երիտասարդներին մասնակցության համար, կոչ արեցին մանրամասն ուսումնասիրել տրամադրված ուղեցույցները և հետևել ծրագրի գործունեությանը՝ հետագայում բիզնես գաղափարներ ներկայացնելու համար:

Փետրվարի 5-ին կկայանա «Կյանքի հմտություններ» հերթական դասընթացը

Դասընթացի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: