Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. Տնօր. նիստի նկար - գլխավոր

2021թ. մարտի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանի և ոչ ավարտական կուրսերի առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  2. Հաղորդում առկա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների անցկացման մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  3. Ընթացիկ հարցեր.
        • ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով հատկացվող միավորներում փոփոխություններ կատարելու առաջարկի մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան):
        • Պաշտոնների անձնագրերի վերանայման և հաստատման գործընթացի մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան):
        • Իջևանի համայնքապետարանի «Իջևան» անվանական կրթաթոշակին և Տավուշի թեմի կողմից տրամադրվող ակտիվության կրթաթոշակին հավակնող ուսանողների առաջադրման և ընտրության մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանը կիրականացվի ըստ հաստատված ժամանակացույցի (առկա ուսուցման համակարգում՝ մարտի 29-ից ապրիլի 10-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ մարտի 29-ից ապրիլի 17-ը): Նա հավելեց, որ ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը ավարտական և ոչ ավարտական կուրսերի քննաշրջանների գրաֆիկները ներկայացրել են ՈՒՄՎ, դրանք ստուգվել և հետ են ուղարկվել:

Ա.Մակարյանը հանձնարարեց, որ նախքան քննություններն սկսելը ևս մեկ անգամ ստուգվեն հարցաշարերն ու տոմսերը:

Որոշվեց.

  1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանը և ոչ ավարտական կուրսերի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացնել նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ առցանց եղանակով, իսկ դասախոսների և ուսանողների համաձայնության դեպքում՝ առկա եղանակով (դեկանների կողմից նախապես ներկայացված զեկուցագրերի հիման վրա):
  2. Նախքան ընթացիկ քննությունների և ստուգումների մեկնարկը ՈՒՄՎ ներկայացնել առկա ուսուցման համակարգում դասերի կատարողականը 8 շաբաթվա կտրվածքով:
  3. Քննությունների տեղեկագրերը չսքանավորել առանց ուսանողների հետ գնահատականների քննարկման։

Երկրորդ հարցի կապակցությամբ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն անհրաժեշտ է իրականացնել մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 2020թ. դեկտեմբերի 25-ի №48 նիստով հաստատված՝ «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգ»-ին համապատասխան, այսինքն՝ պաշտպանությունից առնվազն 2 շաբաթ առաջ։ 2020-2021 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցով նախատեսված է ամփոփիչ ատեստավորումները կազմակերպել 2021թ. մայիսի 3-29-ը, այսինքն՝ նախապաշտպանությունները պետք է սկսել ապրիլի 5-ից՝ պայմանավորված ամփոփիչ ատեստավորման օրով։ Ա.Դավթյանն առաջարկեց մինչև նախապաշտպանությունները մասնագիտական ամբիոններում կազմակերպել ավարտական աշխատանքների արդյունքների ամփոփում։

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ տարբերակով կիրականացվի ամփոփիչ ատեստավորումը (առցանց, առկա), հարկավոր է պաշտպանությունից 5 օր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկել ավարտական աշխատանքների ամբողջական փաթեթները (PDF տարբերակ, տեսասահիկ, ղեկավարի և գրախոսի կարծիքներ)։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հաստատումից անմիջապես հետո անհրաժեշտ է ձևավորել հանձնաժողովների կազմերը։

Որոշվեց.

  1. Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին՝ հետևել, որպեսզի ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն իրականացվեն մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 2020թ. դեկտեմբերի 25-ի №48 նիստով հաստատված՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգին համապատասխան։
  2. Հանձնարարել ամբիոնների վարիչներին շարունակել հետևողական լինել ավարտական աշխատանքների իրականացման ընթացքին։

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով մասնաճյուղում ներդրվել է հետազոտական բաղադրիչ մասնագիտական առարկաներից։ Ըստ կարգի III մասի 9 կետի՝ դասընթացի շրջանակներում կատարված աշխատանքի արդյունքները հաշվի են առնվում տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում որպես 2-րդ ընթացիկ քննության գնահատական՝ եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում առավելագույն 5 միավոր արժեքով, իսկ առանց եզրափակիչ գնահատման դասընթացի դեպքում՝ 10 միավոր արժեքով։ Ա.Մակարյանը նշեց, որ I կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող առարկաների գնահատման և կազմակերպման վերաբերյալ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման ու Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինների կողմից համատեղ անցկացվել է հարցում դասախոսների և ուսանողների շրջանում։ Հարցման ընթացքում և՛ դասախոսները, և՛ ուսանողներն առաջ են քաշել այն հարցը, որ առանց եզրափակիչ գնահատման դասընթացի դեպքում դասընթացի երկրորդ մասը գնահատումից դուրս է մնում։ Դասախոսները և ուսանողներն առաջարկում են նմանատիպ մի մոտեցում՝ առանց եզրափակիչ գնահատման դասընթացում հետազոտական բաղադրիչին տալ 5 միավոր, մյուս 5 միավորը հատկացնել առարկայի երկրորդ մասին։

Որոշվեց՝ առաջարկել դասախոսներին փորձի կարգով որոշ առանց եզրափակիչ գնահատման դասընթացների համար կիրառել 5/5 մոտեցումը՝ 5 միավոր հատկացնել հետազոտական աշխատանքին, 5 միավոր՝ դասընթացի երկրորդ մասին։

Երկրորդ ընթացիկ հարցի մասին պարոն Մակարյանը նշեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պաշտոնի անձնագրերը կազմվում են բուհի իրավախորհրդատուի և համապատասխան բաժինների հետ համատեղ, հաստատվում են տնօրենի հրամանով։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ աշխատողների մի մասն ունի առողջական խնդիրներ։ Բուհի աշխատանքը բնականոն շարունակելու նպատակով դրսից հրավիրվել են աշխատակիցներ (խոսքը վերաբերում է վարորդներին)։ Թեև մասնաճյուղում առկա է վարորդի մի քանի հաստիք, սակայն վարորդական իրավունքի կարգերը չեն համապատասխանում մեծ մարդատար տրանսպորտներ վարելու կարգին։ Այժմ դասերն իրականացվում են համակցված՝ առկա և առցանց եղանակներով, և դրսից եկող դասախոսներին տեղափոխելու խնդիր է առաջանում։ Ուստի ՏԳԿՍ բաժնի ղեկավարը առաջարկ է ներկայացրել վարորդի պաշտոնի անձնագրում կատարել որոշակի փոփոխություններ՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով։

Որոշվեց՝ հանձնարարել իրավախորհրդատուին վարորդի պաշտոնի անձնագրում պարտադիր դարձնել D կարգի պահանջը, իսկ ՏԳԿՍ բաժնի ղեկավարին՝ հետևողական լինել, որ ամեն տարի վարորդներն անցնեն բժշկական բուժզննում՝ օտվելով ԵՊՀ ԻՄ-ի առողջապահական ապահովագրությունից։

Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը «Իջևան» անվանական կրթաթոշակի համար ներկայացրել էին հավակնորդ ուսանողների թեկնածությունները՝ առաջնորդվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 4-րդ կետի դրույթներով: «Իջևան» անվանական կրթաթոշակի համար առաջադրված թեկնածուներից ընտրվեց հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Գառնիկի Դավթյանը, ով վերջին չորս կիսամյակի ընթացքում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը 18-ից բարձր է) և ունի հասարակական բարձր ակտիվություն։

Տավուշի թեմի կողմից տրամադրվող ակտիվության կրթաթոշակի կապակցությամբ Ա.Դավթյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի №8 նիստում (12.12.2020թ.) որոշում է կայացվել ուսանողական կառույցների սահմանած ակտիվության սանդղակի համաձայն՝ կրթաթոշակը տրամադրել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հրաչուհի Հրաչիկի Թամամյանին։

Որոշվեց.

  1. «Իջևան» անվանական կրթաթոշակը տրամադրել հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Գառնիկի Դավթյանին։
  2. Տավուշի թեմի ակտիվության կրթաթոշակը տրամադրել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հրաչուհի Հրաչիկի Թամամյանին։

Նիստի ընթացքում Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի հրամանը, ըստ որի, պայմանավորված համավարակի թվերի աճով, դպրոցական օլիմպիադան չի իրականանալու, քանի որ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են ի վիճակի ապահովել հակահամաճարակային բոլոր պայմանները։

Գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանն ադրադարձավ ուսման վճարների մուծման դինամիկային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ ուսման վարձերը վճարվում են, սակայն առկա ուսուցման 8 և հեռակա ուսուցման 3 ուսանողներ դեռևս առաջին կիսամյակից ունեն ուսման վճարների պարտք։ Այդ ուսանողները հիմնականում Արցախի մարտական գործողությունների մասնակիցներ են, և նրանց ուսման վճարները փոխհատուցելու է պետությունը։

2. Տնօր. նիստի նկար