Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում

2014թ. օգոստոսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գոհար Համզյանի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ:

Հանդիպման նպատակը «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանի (Ուբուլյանի) կողմից մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողներին հատկացված կրթաթոշակների հանձնումն էր:

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանը և Բեռնար Կուտանը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ էր հատկացրել մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Այս տարի կրթաթոշակ տրամադրվեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 13 ուսանողների` 2-րդ կուրսի 7 (Ամիրխանյան Հասմիկ, Խաչատրյան Արմինե, Հարությունյան Իրինա, Մադաթյան Գոհար, Մովսեսյան Էթերի, Պողոսյան Ալվինա, Սաֆարյան Մարգարիտա) և 4-րդ կուրսի 6 (Աբազյան Վանուհի, Այդինյան Բերկրուհի, Մարգարյան Դավիթ, Շահնազարյան Աննա, Վանեսյան Լուիզա, Վարդանյան Ազնիվ) ուսանողների:

Կրթաթոշակի չափը պայմանավորված է ուսանողների ցուցաբերած ակտիվությամբ: