Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսն արժանացել է միջազգային մրցանակի

1. գլխավոր -  Levon_Lachikyan

 Ղազախստանի Ալմաթի քաղաքում վերջերս կայացած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 18-րդ միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել 10 անվանակարգերում՝ «Իմ երկիրը», «Համագործակցություն», «Մշակույթների երկխոսություն», «Գիտություն և կրթություն», «Նկարազարդման արվեստ» և այլն:

Ուրախալի է, որ մեր երկրի 3 հրատարակչությունների («Զանգակ-97», «Նահապետ» և «Էդիթ Պրինտ») ներկայացրած գրքերից ու ալբոմներից 8-ն արժանացել է մրցանակային պատվավոր տեղերի: Դրանց շարքում է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Լևոն Լաճիկյանի «Հայկական եկեղեցիներ» բացիկաշար-հավաքածուն, որը հաղթող է ճանաչվել «Գիտություն և կրթություն» անվանակարգում:

Բացիկաշարն ընդգրկում է Հայաստանում և արտերկրում (Իրան, Թուրքիա, Լիբանան, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն) դարեր առաջ ու մեր օրերում կառուցված հայկական պաշտամունքային կառույցների 24 գրաֆիկական թերթեր:

Հարցին, թե ինչով էր պայմանավորված հենց «Գիտություն և կրթություն» անվանակարգում ստացած մրցանակը, հեղինակն այսպես պատասխանեց. «Բանն այն է, որ բացի հայկական 24 եկեղեցիների գծանկարներից՝ յուրաքանչյուր բացիկի դարձերեսին կարելի է 2 լեզվով՝ հայերեն ու անգլերեն, գտնել տվյալ հուշարձանի ստեղծման պատմությունը, գեղարվեստական առանձնահատկությունները և այլ մանրամասներ, որոնք ունեն ճանաչողական նշանակություն»:

Հավելենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցանակները կհանձնվեն այս սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Սիրով շնորհավորում ենք մեր դասախոսին՝ նրան մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: