Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

2017թ.  հուլիսի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված  նիստ, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետի գիտխորհրդի անդամները, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Նիստի ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները, ֆակուլտետի 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները, քննարկվեցին մի շարք ընթացիկ հարցեր:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆակուլտետի գիտխորհրդի քարտուղար, ֆ.մ.գ.թ., ասիստենտ Կ.Հովսեփյանը ներկայացրեց 2016-2017 ուստարվա ընթացքում ֆակուլտետում իրականացված գործընթացների վերաբերյալ հաշտվետվություն` հիմք ընդունելով ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագիրը:

Մասնավորապես նշվեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետում գործում են չորս կրթական ծրագրեր` «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»: Հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետի 128 ուսանողներից 22-ը սովորում է պետպատվեր, 3-ը՝ 100% փոխհատուցմամբ, իսկ 103-ը վճարովի ուսուցման համակարգում: Ֆակուլտետի աշխատակազմը բաղկացած է  30 աշխատակիցներից, որոնցից 27-ը դասավանդողներ են՝ 19-ը հիմնական, 3-ը ժամավճարային հիմունքներով, իսկ 3-ը՝ վարչական և ուսումնաօժանդակ: Ֆակուլտետում գործում են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնները, Ընդհանուր ֆիզիկայի և մասնագիտական համակարգչային երկու լաբորատորիաները:

Մասնաճյուղում ընդունված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին  քննարկվում  և հաստատվում են յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատանքային պլանները, նրանց իրականացման ժամանակացույցները՝ հաշվի առնելով  ընթացիկ տարվա առանձնահատկությունները:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են փոխհամագործակցված աշխատանքներ դեկանատի, ամբիոնների և լաբորատորիաների հետ միասին, որը տվել է իր դրական արդյունքը: Ֆակուլտետի անձնակազմի հիմնական նպատակը որակյալ կրթության ապահովումը, գիտելիքի ստեղծումն է, փոխանցումը և բազմաբնույթ իրականացումը:

Ֆակուլտետի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ստուգարքից և քննությունից անմիջապես հետո գհահատման ամփոփ տվյալները փակցվում են հայտարարությունների տախտակին և տեղադրվում մասնաճյուղի պաշտոնական  կայքէջում:

Նշվեց, որ 2016-2017  ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանն անցկացվել է պատշաճ կարգով, համաձայն հաստատված ժամանակացույցի:

Քննաշրջանին մասնակցել է 117 ուսանող: Ֆակուլտետի ընդհանուր առաջադիմությունը կազմում է 64.10%. անվճար համակարգում՝ 100%, վճարովի համակարգում՝ 60,22%:

Ֆակուլտետում անցկացված  բոլոր ստուգարքներն  ու քննությունները վերահսկվել են ինչպես ֆակուլտետի ղեկավարության, այնպես էլ Ուսումնամեթոդական վարչության կողմից, իսկ մասնագիտական քննությունները գնահատվել են հանձնաժողովի կողմից:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը

Հաջորդ  հարցի վերաբերյալ ներկայացվեց,  որ  ֆակուլտետում  2016-17  ուստարում  կազմակերպվել  և  անցկացվել է  ամփոփիչ  ատեստավորում՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության գծով:

Մայիսի 20-ին կայացել է «ԻԿՄ»  մասնագիտության ամփոփիչ քննությունը, որին մասնակցած 21 ուսանողներից «գերազանց» է ստացել 9-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 8-ը:

Մայիսի 21-ին տեղի է ունեցել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 9 ուսանող ստացել է «գերազանց», 8-ը` «լավ», 4-ը` «բավարար»

Հատկանշվեց, որ «ԻԿՄ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքը տվյալ մասնագիտությամբ շրջանավարտների ընդհանուր պատրաստվածության մակարդակի վերաբերյալ  բավականին բարձր էր: Առաջնահերթ ընդգծվել է նրանց աշխատասիրությունը, քննություններին շատ լավ պատրաստվածությունը, հաղորդակցման գերազանց կարողությունների դրսևորումը:

Ավարտական աշխատանքների թեմաների հետ կապված՝ նշվել է, որ դրանք համապատասխանում էին որակավորմանը: Ծրագրավորման տեսանկյունից առանձնապես հաջողված էին ուսումնական գործընթացի էլեկտրոնիզացիային, ավտոմատների տեսությանը վերաբերող աշխատանքները: Մաթեմատիկայի վերաբերյալ էլ հետաքրքիր թեմաներ կային:

Ուսումնառության հետագա  բարելավման  ուղղությամբ առաջարկվել է որոշակի աշխատանք իրականացնել, որպեսզի ծրագրավորման վերաբերյալ ուսանողների գիտելիքները հասցվեն մաթեմատիկականի մակարդակին (ժամաքանակի փոփոխություն, գործնական պարապմունքների ավելացում և այլն):

Ավարտական աշխատանքների վերաբերյալ առաջարկվել է դրանցում շեշտը դնել կիրառական խնդիրների մաթեմատիկական մոդելների կառուցման վրա, տեսականն անպայման համադրել գործնականի հետ:

Նիստում ամփոփիչ ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետում իրականացված աշխատանքները համարելով բավարար, ընդգծելով ոչ մասնագիտական կուրսերում դասավանդվող առարկաների ծրագրերում թեմատիկ-բովանդակային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, անդրադառնալով դասավանդման մեթոդիկային և ընդհանրապես ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը վերաբերող մի շարք խնդիրների:

Կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի  գիտական խորհրդի ընդլայնված  նիստը