Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր

2021թ. հունվարի 19-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 23 դասախոս մասնակցեց Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Համագործակցային  ակտիվ ուսուցում  լսարանում»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացին, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

 

Դասընթացը վարեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Արմենի Թռչունյանը

 

Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում 2018-2019 թթ. իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ եվրոպական հինգ բուհերում՝ նպատակ ունենալով արդի տեխնոլոգիաները ծառայեցնելու համալսարանական կրթական գործընթացին: Ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել է 16 դասախոս ԵՊՀ-ից, որոնք եվրոպական համալսարաններից վերադառնալուց հետո արդեն իրականացրել են վերապատրաստումներ ԵՊՀ-ի 500-ից ավելի դասախոսների համար: Այդ վերապատրաստումները շարունակվում են, ու դրանց մի բաղադրիչը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների տվյալ վերապատրաստումն էր:

 

Վերապատրաստման դասընթացի նպատակն էր մասնակիցներին հաղորդել համակողմանի և ամ­փոփ գիտելիքներ ու գործնական հմտություններ բարձրագույն կրթության հա­մակարգում ակտիվ ուսուցման արդի  բովանդակության, ինչպես նաև կազմա­կերպ­չա­կան ձևերի և ուղիների վերաբերյալ:

 

Կարեն Թռչունյանը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին փոխանցեց նորագույն, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով հագեցված ուսումնառության մեթոդների վերաբերյալ իր փորձառությունն ու գիտելիքները՝ կիրառելով նաև Լյուվենի համալսարանում վերապատրաստվելու ընթացքում ձեռք բերված նոր մոտեցումները:

 

Դասընթացի ժամանակ քննարկվեցին և՛ առցանց ուսուցման հնարավորությունները, և՛ լսարանում կիրառվող ակտիվ ուսումնառության տեխնոլոգիաներ:

 

Խումբը քննարկեց ակտիվ ուսումնառության ու ՏՀՏ-ների կիրառման նորագույն կրթական ռազմավարությունները, հնարավորությունները, մեթոդաբանությունը և մոտեցումները: Հանդիպումների ընթացքում դիտարկվեցին առարկաների կազմման մեթոդները՝ կիրառելով ADDIE և SMART մոդելները, և ընդհանուր առմամբ բացատրվեց ակտիվ ուսուցման կոնցեպտի էությունը: Մասնակիցները, ելնելով կրթական վերջնարդյունքներից, շատ լավ կարողացան ներկայացնել ակտիվ ուսուցման կոնցեպտի կիրառման իրենց մոտեցումները:

 

Դասընթացի հիմնական թեմաներից էր ակտիվ ուսուցման կոնցեպտի տեղայնացումը և կիրառումը համապատասխան դասընթացներում: Վերապատրաստման դասընթացի մասնակիցները ծանոթացան մանկավարժական և տեխնոլոգիական տարբեր մոտեցումներին և դրանց համակարգված կիրառմանը, մասնավորապես՝ ADDIE և SMART մոդելներով առարկաների դասավանդման առավելություններին և ուսանողների ներգրավվածության բարձրացմանն ուղղված մի շարք մոտեցումների: Ելնելով դասընթացի կրթական վերջնարդյունքների պահանջներից՝ ցույց տրվեցին ուսանող-ուսանող, “scavenger hunt” և այլ մեթոդների հնարավորությունները և կիրառությունները: Պարզաբանվեց տարբեր առցանց ռեսուրսների կիրառումը, ինչպես նաև նորերի ստեղծումը մայրենի լեզվով: Առցանց ռեսուրսներից քննարկվեցին տարբեր առարկաների դասախոսությունների տեսադարանների ստեղծման հնարավորությունները և առավելությունները:

 

Վերապատրաստման դասընթացի մասնակիցները մեծ ոգևորությամբ էին մասնակցում քննարկումներին ու հնարավոր կիրառություններին և արտահայտվեցին, որ պատրաստվում են իրենց դասընթացներում կիրառել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մոտեցումները: