Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Գառնիկ Խաչատրյանի հետ

IMG_20210827_004354_382ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գառնիկ Խաչատրյանը վստահ է, որ մեր երկրում կան բոլոր նախադրյալները և պոտենցիալը ունենալու ՏՏ զարգացած ոլորտ, որը կլինի աշխարհում առաջիններից մեկը:

Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

Կարծում եմ, որ բարձագույն կրթություն ստանալու նպատակ ունեցող ուսանողի համար այդքան էլ էական չէ ուսումնական հաստատությունը: ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է գիտելիք, ծանոթություների լայն շրջանակ: Մասնաճյուղի դասախոսական անձնակազմն աչքի է ընկնում թե՛ իր գիտելիքներով, թե՛ մարդկային հատկանիշներով. դասախոսներն ուսանողների հետ շփվում են որպես ընկեր, որպես հավասարը հավասարի, ովքեր կերտելու են մեր երկրի ապագան:

Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

Դպրոցական տարիներից սիրելով բնագիտական առարկաները՝ որոշեցի ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ: Այժմ սովորում եմ 3-րդ կուրսում, որ համարում եմ իմ մասնագիտական երազանքի իրականացման առաջին քայլերը, սակայն մասնագիտական երազանքս դեռևս ամբողջովին չի իրականացել: Նպատակներիս հետ կապված՝ չեմ ցանկանա փակագծեր բացել, բայց նպատակս միանշանակ միտված է Տավուշի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը:

Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

Առաջին կուրսում տեղեկացա Ուսանողական խորհրդի մասին և ամիսներ հետո դարձա Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ՝ գիտակցելով նրա դերը համալսարանում: Երկրորդ կուրսում արդեն իսկ Ուսանողական խորհրդի փոխնախագահն էի, այժմ մոտ մեկ տարի է, ինչ մեծ պատասխանատվությամբ ղեկավարում եմ Ուսանողական խորհուրդը: 2020 թվականին ընդունվել եմ «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ որպես խմբավար, ինչն էլ համարում եմ իմ  կարիերայի սկզբնական և կարևորագույն քայլերից մեկը:

Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

Իմ ուսանողական տարիների մեծ մասը համընկել է համավարակի և պատերազմի հետ՝ չնայած ՈՒԽ-ի հետ կապված հիշողություները շատ են: Կարծում եմ, որ չպետք է ուսանողական տարիներին սահմանափակվել միայն դասերով և ուսանողներին խորհուրդ եմ տալիս լինել առավել ակտիվ և նախաձեռնող, քանի որ մենք ենք մեր երկրի ապագան կերտողները:

Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

Սովորելով Բնական գիտություների ֆակուլտետում և ինձ համարելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագա մասանագետ՝ կարծում եմ, որ տվյալ ոլորտը մեր երկրում օրեցօր դառնում է ավելի առաջնային և պահանջված: Այսօր ՏՏ-ն օգտագործվում է մի շարք ուղղություներով, որոնցից ամենակարևորը համարում եմ ռազմաարդյունաբերական ոլորտը: Ես վստահ եմ, որ մեր երկրում կան բոլոր նախադրյալները և պոտենցիալը ունենալու ՏՏ զարգացած ոլորտ, որը կլինի աշխարհում առաջիններից մեկը: