Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Զբոսաշրջություն» մասնագիտության առկա 2-րդ և հեռակա 3-րդ կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց

1. գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեց «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա 2-րդ և հեռակա 3-րդ կուրսերի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պրակտիկան:

Պրակտիկան անցկացվեց 3 ուղղություններով՝ 1. Նոյեմբերյան-Ախթալա-Օձունի հյուրատներ-Լոռի բերդ-Ստեփանավան-Վանաձոր, 2. Վարդենյանց լեռնանցք-Քարվանսարա-Ջերմուկ, 3. Մարմաշեն-Արփի լիճ-Գյումրի:

Նպատակ էր դրված համապատասխան երթուղիների միջոցով ուսանողներին ծանոթացնել նշված տարածաշրջանների զբոսաշրջային ռեսուրսներին, ենթակառուցվածքներին և գնահատել զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

Նախապես տրված հանձնարարականների հիման վրա ուսանողները կատարեցին երթուղու խրոնոմետրաժ և ներկայացրին յուրաքանչյուր այցելվող վայրի զբոսաշրջային հնարավորությունները:

Լոռու մարզում՝ Ախթալայում, ուսանողները ծանոթացան էկոլոգիական հիմնախնդիրներին, դրանց հնարավոր ազդեցությանը զբոսաշրջության վրա, նրանց ցույց տրվեցին պոչամբարների թողած բացասական հետևանքները: Ուսանողները ծանոթացան Լոռի բերդի ամրոցաշինական առանձնահատկություններին, հնագիտական պեղումներին, ականատես եղան հուշարձանների վերականգնման աշխատանքներին:

Իրականացվեց էկոզբոսաշրջային քայլարշավ դեպի Քոբայր վանական համալիր: Այստեղ ուսանողները գնահատեցին վանական համալիրի և նրա տարածքի զբոսաշրջային հնարավորությունները:  

Ուսանողները ներկայացրին Վայոց ձորի մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքները, Օրբելյանների քարավանատունը, Նորավանքի վանական համալիրը: Այցելեցին Մագելանի քարանձավ, որտեղ ծանոթացան սպելեոտուրիզմի (քարանձավային զբոսաշրջություն) կազմակերպման առանձնահատկություններին: Այցելեցին Ջերմուկ քաղաքի բուժառողջարանային համալիրներ և բնական հուշարձաններ, գնահատեցին ձմեռային հանգստի կազմակերպման հնարավորությունները:

 «Jermuk Hotel & SPA» կենտրոնում ուսանողներին ներկայացվեցին հյուրանոցի կառավարման ինովացիոն նոր համակարգը (արհեստական ինտելեկտ) և մատուցվող բուժառողջարարական ծառայությունները: Ուսանողները գնահատեցին բուժառողջարարական զբոսաշրջության զարգացման հնարավորությունները:

Պրակտիկանտներն այցելեցին Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Գյումրի քաղաք:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվեց քայլարշավ: Ուսանողները եղան Ղազանչիի այցելուների կենտրոնում, պահպանման գոտում: Այդտեղ նրանք ծանոթացան Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակների և թռչնատեսակների (կովկասյան թրաշուշան, դեղին կոնկոռ, հայկական որոր, որի գաղութը միակն է աշխարհում), պարկի տարածքում առկա 4 էկոզբոսաշրջային երթուղիներին, որոնք անցնում են Տրանսկովկասյան արահետով:

Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողների ձեռք բերած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները կկիրառվեն հետագա հետազոտական և ավարտական աշխատանքների կատարման ժամանակ: