Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստերում

2016թ. հուլիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան Տնտեսագիտության և Բնական գիտությունների ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին գիտխորհուրդների անդամները, հրավիրված էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ֆակուլտետների վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքներին, հաշվետու ուստարում ֆակուլտետներում իրականացված աշխատանքներին, ֆակուլտետների մասնագիտական ամբիոնների  անհատական  ծանրաբեռնվածություններին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նախագահ, ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ն.Խուդավերդյանն ամփոփեց  2015-2016  ուստարվա  ամառային  քննաշրջանի  արդյունքները, ներկայացրեց  ընթացիկ  ուստարում    դեկանատի և   մասնագիտական  ամբիոնների  կողմից իրականացված աշխատանքները, ըստ մասնագիտությունների ամփոփեց ամփոփիչ ատեստավորման արդյունքները:

Նա մասնավորապես նշեց, որ քննաշրջանը  կազմակերպվել  է 103 (28  անվճար,  75  վճարովի)  ուսանողների  համար: Ստուգարքներն  ու  քննությունները  դրական  է  հանձնել 79  ուսանող  (48` տնտ. տես.,  31` սերվիս): Ըստ այդմ`  ընդհանուր  առաջադիմությունը  կազմել  է  77%:  Համեմատած  նախորդ  (2014-2015)  ուստարվա  համապատասխան  կիսամյակի  առաջադիմության  ցուցանիշի  (72%)  հետ`  գրանցվել  է  5%  աճ,  իսկ  2015-2016  ուստարվա  առաջին  կիսամյակի  ցուցանիշի  (67%)  հետ`  10%  աճ:

Դրական համարվեց այն փաստը,  որ  ֆակուլտետի  անվճար  համակարգում սովորող ուսանողները ցուցաբերել են գրեթե 100% առաջադիմություն  (բացառությամբ  տնտ.  տես.  I  կուրսի` 93% ): Քննաշրջանի արդյունքում 11 ուսանող գրանցել է բացարձակ գերազանց առաջադիմություն (5` տնտ. տես., 6` սերվիս):

Նշվեց, որ 2015-16 ուստարվա ընթացքում 44 ուսանողներ ներկայացվել են կրթաթոշակի, որոնցից երեքը` տարբեր կարգի անվանականների: Ընդգծվեց, որ այդ գործընթացներում լիարժեք մասնակցություն են ունենում ֆակուլտետի ուսանողները` որպես գլխավոր շահառու և նշված գործընթացների օբյեկտիվության մակարդակի գնահատող: Դեկանատը մշտապես հետևողական վերահսկողություն է իրականացրել ուսանողների կարգապահության և հաճախումների հարցում:

02-07-2016-1

Շեշտվեց, որ ֆակուլտետում խիստ ուշադրության կենտրոնում են պահվում մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից պահանջները: Նշված խնդրի լուծմամբ հիմնականում զբաղվում են մասնագիտական ամբիոնները, որոնք իրականացնում են նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ կապված անհրաժեշտ քաղաքականության մշակումն ու իրացումը, նրանց մասնագիտական  և մանկավարժական  կարողությունների  ընդլայնման մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ:

Նշվեց նաև, որ գործող ամբիոններում 2015-16 ուստարում գրանցվել է գիտական կյանքի աշխուժացում: Ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ դասեր վարող դասախոսների տեսակարար կշիռը մեծացել է: Երկու մասնագիտական ամբիոններն էլ բավականին լուրջ են վերաբերվում արտադրական պրակտիկաների ծրագրավորմանն ու կազմակերպմանը:

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ, ֆակուլտետի դեկանի ԺՊ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը, ամփոփելով 2015-2016 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները, նշեց, որ ֆակուլտետում առաջադիմությունը կազմել է 85,53%: 2015-2016 ուսումնական տարվա ամառային քննաշրջանին մասնակցել է 85 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ ստացել է 3 ուսանող: Ֆակուլտետի 14 ուսանող քննաշրջանը փակել է ակադեմիական պարտքերով: Ֆակուլտետի 12 ուսանող օգտվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցումից:

Ապա ֆակուլտետի  դեկանն, անդրադառնալով հաշվետու ուստարում կատարված աշխատանքներին, նշեց, որ ֆակուլտետն ունի բաց, հրապարակային գործելակերպ. ուսանողների վերաբերյալ հրապարակման ենթակա տվյալները, մասնավորապես ակադեմիական առաջադիմությունը մատչելի է և հասանելի ոչ միայն ուսանողների, այլև ողջ հանրության համար: Նա ընդգծեց, որ հաշվետու ուստարում ավելացել է ներկայացված ուսանողական զեկուցումների թիվը, որոնց հրապարակայնությունն ապահովվել է մասնաճյուղի պաշտոնական կայքի միջոցով:

Ֆակուլտետների գիտխորհուրդների ընդլայնված նիստերում նշվեց, որ  պատրաստ են 2016-2017 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունները, դասախոսները կարող են նոր ուսումնական տարվա համար կազմել իրենց աշխատանքային ու անհատական զարգացման պլանները և նախապատրաստել դասընթացների փաթեթները:

Նիստերի ընթացքում քննարկվեցին նաև բուհի ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի և ֆակուլտետների վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: