Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է: Մարդն ինքը բնություն է: … Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը». Մարտիրոս Սարյան

    72754_original

 Սիրով ձեզ ենք ներկայացնում մեծն Մարտիրոս Սարյանի ասույթներից. 

  1. Արվեստը պետք է կյանքի, պայքարի կոչի մարդուն, հավերժական, համամարդկային թեմաներով հաղորդի նրան հույս ու հավատ, այլ ոչ թե ճնշի ողբերգական թեմաների նկարագրությամբ:
  2. Ստեղծագործական ոգևորությունըաշխատանքի ընթացքում է առաջանում ճիշտ այնպես, ինչպես և հուսահատությունը։ 
  3. Վարպետության բարձունքներին հասնելու համար պետք է զարգացնել միտքը, հասու լինել մարդկային մշակույթին: Եվ, գլխավորը, միշտ քաղաքացի լինել: Միշտ հիշել, որ արվեստագետի կյանքն անբաժան է ժամանակից, իր ժողովրդի կյանքից:
  4. Մարդուն ծնում է իր ժամանակը։ Դա ճի՛շտ է, ուրիշ կերպ չի լինում։ Բայց ծնվում են մարդիկ, իհարկե շատ հազվադեպ, որոնք շատ ավելի մեծ են, քան իրենց ժամանակը։
  5. Արվեստի հարուցած հրճվանքը մշտական է, նա միշտ ընկերակցում է մարդուն, դարձնում նրան ավելի հզոր և ընդունակ: Լինելով մարդկային հոգու ամենաբարձր դրսևորումներից մեկը` արվեստը վերածվում է կայուն անհրաժեշտության, որը մենք անվանում ենք կուլտուրա:
  6. Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու սրտի մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։
  7. Ինչպես ինքը` կյանքը, արվեստն էլ մշտական շարժում է: Նրա լեզուն փոխվում է, ձևերը մահանում են՝ իրենց տեղը զիջելով նորերին: Այդ պրոցեսը երբեմն անցնում է հիվանդագին ու բարդ պայմաններում, և իսկական նորարարությունը, ինչպես խխունջները` նավին, կպչում է պատահական, ոչ էական, երբեմն էլ պարզապես վնասակար շատ բան: Ժամանակը, պատմությունը, վերջիվերջո, ցրում են այն ամենը, ինչ անիսկական է, կեղծ է:
  8. Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին։Առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:
  9. Որքան մարդ հարազատ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ ու հուզիչ կհնչի նրա արվեստը:
  10. Բնության ամենահրաշալի ստեղծագործությունը մարդն է։ Մարդն ինքը բնություն է։ Միայն մարդու միջոցով է բնությունը ճանաչում իրեն։
    Դա մարդու մեծագույն երջանկությունն է։ Հսկայական, անվերջ բնություն և փոքրիկ մի արարած, որն իր մեջ կրում է այդ անսահման մեծությունը։
  11. Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, սքանչանա իրենով։ Մարդը բնություն է, բնությունը՝ մարդ։ Մահ գոյություն չունի։
  12. Ողջ մնացած ժողովուրդը հոգևոր միասնությամբ ցանկանում էր փարատել իր ծանր ողբերգությունը:
  13. Մեր ժողովուրդը հաստատել է Երկրագնդի մեծ օրենքը՝ միշտ արևի հետ մնալու օրենքը:
  14. Տիգրանից հետո չորս կողմից (մեզ) սեղմել են: Դե մենք էլ աճել-բարձրացել ենք դեպի վե՛ր, դեպի լույսը…:
  15. Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
  16. Արվեստում սեփական խոսք ասել ի վիճակի են ոչ բոլորը. դա կախված է տաղանդի աստիճանից և աշխատանքից, ստեղծագործության մեջ ներդրվող ամենօրյա աշխատանքից:
  17. Անհնար է սարը տեսնել՝ կանգնելով նրա կողքին:
  18. Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։ Սիրել եմ, անկեղծ եմ սիրել, ինձ տեսել եմ իմ նկարների մեջ։ Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու բաց կլինի։ Ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես:
  19. Ես չգիտեմ՝ երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հնարավոր է այն օրերին, երբ ես լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային կախարդական ծննդավայրի մասին, երբ մանկիկ հասակում վազվզում էի տան շրջակայքով, ուրախանում բազմերանգ թիթեռներով և միջատներով։ Գույն, լույս, երազանք. ահա այն, ինչ ես երազել եմ։
  20. Իմ խորին խորհուրդը եղել է իմ սերը դեպի մայր հողն ու ժողովուրդը։ Այդ սերը ես արտահայտել եմ արվեստով, որն իմ հոգին է։ Ուրիշ հավատ ու սեր ես չեմ ունեցել։
  21. Ամեն մի իսկական ազգային արվեստագետի ստեղծագործության մեջ պետք է սինթեզված լինեն իր ժամանակաշրջանի համաշխարհային կուլտուրայի առաջադեմ տենդենցները: Սա մեծ արվեստի հիմքն է:
  22. Չկան ազնիվ ու ոչ ազնիվ ոճեր: Բոլոր ոճերով էլ ստեղծագործվել են թե՛ գլուխգործոցներ, թե՛ արհեստավորի արտադրանք: Ճիշտ այդպես էլ՝ չկան կարևոր ու երկրորդական ժանրեր:
  23. Պետք է նկար ստեղծել և ոչ թե խաբուսիկ բնություն: Բայց, առանց բնության զգացողության ու ուսումնասիրության, նկար չի ստեղծվում:
  24. Արվեստը բնության պատճենահանում չէ: Բայց պետք է լինի բնության պես ներդաշնակ ու բնության պես համոզիչ:
  25. Այն, ինչ ես հասկանում եմ Տիեզերք-Բնություն ասելով, ինձ համար միաժամանակ նաև էսթետիկական կատարելությունն է, որը ես բնորոշում եմ Ունիվերսալ Գեղեցիկ երկու բառով և որը հենց հավերժական պրոցես ապրող Աբսոլյուտն է:
  26. Ցավ չէ, երբ նկարիչը անհաջող կտավ է ստեղծում, բայց դժբախտություն է, երբ նա այդ չի գիտակցում: Սկսվում է նրա անհատականության չեզոքացման կործանարար պրոցեսը:
  27. Մենք նոր սերնդին ենք թողնում սերը հայրենիքի նկատմամբ. ի՞նչը կարող է դա ավելի լավ արտահայտել, քանարվեստը։
  28. Կյանքը մի կղզի է։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով։ Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ։
  29. Զարմանքը հասարակ բան չէ։ Զարմանալու ընդունակությունը բնության կողմից մարդուն տրված մեծագույն պարգևներից է։ Որքան այն պակասում է մարդու մոտ, այնքան աղքատ է նա իր հոգով և այնքան ավելի է նրա մեջ քար անտարբերությունը։ Իսկ անտարբերությունը բթացման առաջին և ամենահիմնական պայմանն է։
  30. Արվեստի օրենքները աշխատանքի, փորձի ընթացքում պետք է տրվեն նկարչին, գրողին աննկատելիորեն, բնական մի բյուրեղյա անբռնազբոսությամբ։ Եթե չի տրվում, ուրեմն չի տրվում։ Զոռով (ուղղակի անփոխարինելի խոսք է) ոչինչ անել չի կարելի։
  31. Մեծագույն երջանկություն է կարողանալ տեսնել ու զգալ արվեստի գործը, կարողանալ խորանալ մեծ վարպետների ստեղծագործության մեջ։
  32. Բոլոր պարագաներում էլ լույսը, գույնը, տոնը, օդը, ձևը, հեռանկարը, պլաստիկան նկարչության հիմնաքարն են կազմում։ Պետք է քրտնաջան ու համբերատարաշխատանքով տիրապետել արվեստի տեխնիկային։ Պետք է լավ դպրոց անցնել։
  33. Արվեստը բազմազանություն է սիրում ինչպես պատմական, այնպես էլ ազգային տեսակետներից։ Մարդկության պատմության դինամիկան իր բազմազանության մեջ. ահա համաշխարհային արվեստի բովանդակությունն ու դեմքը։
  34. Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
  35. Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։