Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

1. IMG_1450

2021թ. հունիսի 1-ին Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփում (զեկուցող՝ Մ.Զուրաբյան):
  2. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ, Մ.Զուրաբյան):
  3. Կրթական ծրագրերի վերանայման ընթացքի մասին (զեկուցող՝ Ն.Գրիգորյան):
  4. 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփում (զեկուցողներ՝ ֆակուլտետների դեկաններ):
  5. Ընթացիկ հարցեր.

    5.1. Մասնաճյուղից ուսանողների հեռացման հարցի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):

    5.2. Զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով լսարանի              անվանակոչության ուսանողական կառույցների առաջարկի հարցը (զեկուցող՝ Հ.Մովսեսյան):

Առաջին հարցի կապակցությամբ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, ըստ կրթական ծրագրերի, ներկայացրեց հեռակա ավարտական կուրսերի լուծարքային շրջանի արդյունքները: Նա նշեց, որ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի քննաշրջանին մասնակցել է 215 շրջանավարտ, որոնցից 30-ը քննաշրջանն ավարտել է 2-րդ լուծարքով: Քննաշրջանն ընթացել է ըստ նախատեսված ժամանակացույցի, բողոքներ չեն արձանագրվել, եղել են վճարների հետ կապված որոշ խնդիրներ, որոնք շտկվել են: Ներկա պահին ընթանում են ավարտական կուրսերի նախապաշտպանությունները:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման համակարգում ավարտական կուրսերի երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփման վերաբերյալ Մ.Զուրաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

 

Երկրորդ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանն արդեն սկսվել և ընթանում է ըստ նախատեսված ժամանակացույցի: Առկա ուսուցման համակարգում ամառային քննաշրջանը տևելու է ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 26-ը, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ մայիսի 24-ից մինչև հունիսի 22-ը:

Նախատեսված ժամանակացույցի առաջին շաբաթում իրականացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգարքները: Ստուգարքային շրջանի ավարտից հետո սկսվելու են եզրափակիչ քննությունները:

Ֆակուլտետները ժամանակին ՈՒՄՎ են ներկայացրել ժամանակացույցները, որոնք ստուգվել են, կատարվել են որոշակի ճշտումներ (կապված նաև քննությունների առցանց և առկա կազմակերպման հետ), տեղեկացվել են ուսանողները, գրաֆիկները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ դասախոսական կազմը հարց է բարձրացրել առկա ուսուցման քննությունները համալսարանում անցկացնելու վերաբերյալ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ինչը թույլ կտա ավելի օբյեկտիվ ստուգել և գնահատել ուսումնառության ընթացքում ուսանողների ձեռք բերած վերջնարդյունքները:

Որոշվեց՝     

      1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում երկրորդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման և ընթացքի մասին զեկուցողների հաղորդումն ընդունել ի գիտություն:
      2. հանձնարարել ֆակուլտետների դեկաններին՝ դասախոսական և ուսանողական համակազմերի հետ քննարկել քննությունները մասնաճյուղում անցկացնելու հնարավորությունները և անհրաժեշտ փոփոխություններ կատարել գրաֆիկներում:

Երրորդ հարցի մասին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2025 թթ. կրթական ծրագրերի վիճակի մասին զեկուցում: Նա նշեց, որ կրթական ծրագրերը հիմնականում պատրաստ են, թերի են միայն «Դիզայն» մասնագիտության և մագիստրոսական կրթական ծրագրերը: Ամբողջությամբ պատրաստ են «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Հայոց լեզու և գրականություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերը:

Ա.Մակարյանը նշեց, որ բոլոր մասնագիտություններով կրթական ծրագրերը երկու շաբաթվա ընթացքում ուղարկվեն ԿԲԴՎ բաժին, որպեսզի մինչև հունիսի 15-ը վերջնական տեսքով ներկայացվեն տնօրենին և տեղադրվեն ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

Որոշվեց՝

      1. Ֆակուլտետների դեկաններին և մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանին հանձնարարել հետևողական լինել կրթական ծրագրերի կազմման հարցում,
      2. ԿԲԴՎ բաժնին հանձնարարել մինչև հունիսի 15-ը բոլոր կրթական ծրագրերը վերջնական տեսքով ներկայացնել տնօրենին և ուղարկել տեղադրելու կայքէջում:

Չորրորդ հարցի հետ կապված՝ ֆակուլտետների դեկանները ներկայացրին ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքներն ու ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների ու անդամների կարծիքները:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը նշեց, որ 19-ը շրջանավարտներից 10-ը ստացել է գերազանց գնահատական, 9-ը՝ լավ: Եղել է կարմիր դիպլոմի 2 հավակնորդ, ովքեր պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը նշեց, որ 25 շրջանավարտներից գերազանց գնահատական ստացել է 12 շրջանավարտ, լավ գնահատական՝ 5-ը, իսկ բավարար՝ 8-ը: Կարմիր դիպլոմի հավակնորդ 6 ուսանողները պահպանել են իրենց գերազանց գնահատականը:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը նշեց, որ ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 23 ուսանող, որոնցից գերազանց ստացել է 8 ուսանող,  լավ՝ 11 ուսանող, իսկ բավարար՝ 4 ուսանող: Կարմիր դիպլոմի հավակնորդ 3 ուսանողները ստացել են գերազանց գնահատական:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, ամփոփելով ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքները, նշեց, որ 83 շրջանավարտներից 36-ը ստացել է գերազանց գնահատական, 40-ը՝ լավ, 7-ը՝ բավարար: Ֆակուտետի 15 ուսանող կստանան կարմիր դիպլոմ:

Ա.Մակարյանը առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման կապակցությամբ նշեց, որ անբավարար գնահատական չենք ունեցել, հանձնաժողովները հիմնականում դրական կարծիքներ են տվել, նշել են նաև փոքր թերացումներ, որոնք հաշվի կառնվեն հետագա բարելավման ընթացքում: Նա կարևորեց պաշպանությունների ժամանակ կրթական ծրագրերի նպատակներին համապատասխան ավելի կիրառական և հետազոտական արդյունքների ապահովումը: Ա.Մակարյանը նաև նշեց, որ ՄԿՈԱ բաժնին հանձնարարված է եղել կազմակերպել շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների տրադիցիոն հարցումները:

ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը նշեց, որ 145 շրջանավարտներից 127-ը մասնակցել է հարցումներին, ամփոփումից հետո հարցումների արդյունքները ամբողջական տեսքով կներկայացվեն տնօրենությանը: Ա.Մակարյանը հորդորեց ամփոփումից հետո հատկապես ուշադրություն դարձնել թերություններին և աշխատանքներ տանել դրանք շտկելու և հետագայում խնդիրներից խուսափելու համար: Նա ընդգծեց նաև կրթական ծրագրերի վերջնարդյունքների կարևորությունը և պահանջեց հաջորդ տարի ավարտական աշխատանքների թեմաները բացառապես ընտրել ըստ վերջնարդյունքների:

Որոշվեց՝ 2020-2021 ուստարվա առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությունների արդյունքների ամփոփման մասին ֆակուլտետների դեկանների հաղորդումն ընդունել ի գիտություն:

Ընթացիկ առաջին հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ «Ինֆորմատիկա» (համակարգչային գիտություն)» մասնագիտության բակալավրի կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգի ուսանողներ Սասուն Գրիգորի Տոնոյանը (1-ին կուրս) և Գոռ Վանիկի Մելիքսեթյանը (3-րդ կուրս) 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքներից ունեն 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն: ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնների 62.4 կետի համաձայն՝ նրանք ենթակա են հեռացման (կիսամյակի ընթացքում 120 ժամ և ավելի անհարգելի բացակայություն): ՈՒՄՎ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված ուսանողների բացակայությունները հիմնականում առկա դասերից են, որոնց նրանք չեն կարողացել մասնակցել իրենց բնակության վայրերի՝ մասնաճյուղից հեռու լինելու պատճառով:

Որոշվեց՝ բացառության կարգով վերոնշյալ 2 ուսանողին թույլատրել մասնակցելու քննաշրջանին:

 

Ընթացիկ երկրորդ հարցի մասին Հ.Մովսեսյանը նշեց, որ տնօրենության նախորդ նիստի քննարկումներից հետո, երբ սկզբունքորեն որոշվեց ընդառաջել ուսանողական կառույցների առաջարկին և ունենալ զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչված լսարան, ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի և ՈՒԳԸ ներկայացուցիչները գրավոր ներկայացրել են իրենց առաջարկը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը անվանակոչել Շիրակ Գասպարյանի անունով: Նա տեղեկացրեց, որ հունիսի 6-ը Շիրակ Գասպարյանի ծննդյան օրն է, և հարմար կլինի, եթե լսարանի բացումը տեղի ունենա նրա ծննդյան տարեդարձի նախօրեին։

Որոշվեց՝

      1. զոհված շրջանավարտ Շիրակ Գասպարյանի անունով անվանակոչել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 52 լսարանը,
      2. անվանակոչման միջոցառումը կազմակերպել հունիսի 5-ին՝ ժամը 13:00-ին,
      3. հանձնարարել ՎՊողոսյանին՝ մշակել անվանակոչման միջոցառման ծրագիր և ապահովել մասնակիցների հրավերը: