Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց Օտար լեզուների ամբիոնի դասախոսների վարած առցանց դասընթաց-քննարկումների շարքը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 12-29-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել  էր առցանց դասընթաց-քննարկումներ, որոնք վարեցին ԵՊՀ ԻՄ-ի օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Աստղիկ   Չուբարյանը, Նուարդա   Երնջակյանը  և Գայանե Մուրադյանը:

Դասընթացներին մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ավելի քան 2 տասնյակ դասախոսներ և ուսանողներ:

«Կորպուսային  լեզվաբանություն» թեմայով առցանց դասընթաց-քննարկման ժամանակ Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.թ. Աստղիկ Չուբարյանը ներկայացրեց կորպուսային լեզվաբանության հիմնական դրույթները, մեթոդաբանությունը, նրա տեղն ու դերը ժամանակակից լեզվաբանական  գիտահետազոտական ուսումնասիրություններում:

Նշվեց, որ կորպուսային լեզվաբանությունը լեզվաբանական գիտելիքի  քննության համեմատաբար նոր ուղղություն է, որը սկիզբ է առել անցյալ դարի 60-ական թվականներին և մեծ առաջընթաց է ապրել 80-ականների վերջից: Լեզվական կորպուսը բազմաթիվ տեքստերի համակարգ է, որը բերված է էլեկտրոնային տեսքի և ունի որոնման համակարգի լայն հնարավորություն:

Ընդգծվեց, որ ներկայումս անհնար է պատկերացնել տեսական և կիրառական լեզվաբանության որևէ ոլորտ՝ առանց կորպուսային լեզվաբանության մեթոդաբանության գործիքակազմի կիրարկման:

«Ինքնության  դրսևորումները պատմալեզվամշակութային համատեքստերում» թեմայով առցանց քննարկման ընթացքում Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նուարդա Երնջակյանը անդրադարձավ մշակույթ-ինքնություն-լեզու համընդգրկուն կապի դրսևորումներին բազմաբնույթ համատեքստերում:

Ներկայացվեց, որ ժամանակակից ըմբռնմամբ ինքնությունն իր իմաստային հատկանիշներով և կիրառություններով բնութագրվում է երկու՝ նախնական և հիմնարար հասկացություններով՝ նույնականություն և այլականություն (sameness/otherness) երկբաղադրիչ հակադրությամբ և կիրառվում է որպես աշխարհի լեզվական  պատկերն ուսումնասիրող մշակութաբանական առարկաների, տեսությունների ու մեթոդաբանության կարևոր հարացույցներից մեկը: Տվյալ դեպքում այն դիտարկվում է պատմալեզվամշակութային, ազգային, գրական, մարդաբանական, ազգագրական/ազգաբանական և այլ միջգիտակարգային հետազոտություններում:

«Հաղորդակցության դիվանագիտություն» թեմայով առցանց հանդիպում-քննարկման ժամանակ Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.դ. Գայանե Մուրադյանը ներկայացրեց դիվանագիտական խոսույթը (դիսկուրսը) որպես հաղորդակցվելու արվեստ, էթիկայի նորմերին համապատասխան վարվեցողություն ցուցաբերելու ռազմավարություն և մշակույթ, որոնց համատեքստում առանձնապես կարևորվում է լեզվական արտահայտումը:

Շեշտվեց, որ այսօր այն հիմնականում ներկայանում է անգլերենով և նպատակ ունի դիվանագիտական բանավոր ու գրավոր խոսքի ճիշտ և արդյունավետ կիրառման միջոցով հաստատել միջպետական, միջմշակութային  և  միջանձնային ներդաշնակ ու արդյունավետ հարաբերություններ: