Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության նիստ

Տնօր. նիստի նկար

2020թ. հոկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

 

  1. ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփում (զեկուցող՝ ՈՒՄՎ ՈՒԳԿ բաժնի վարիչ Ն.Առուշանյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի նախկին ուսանողի ուսանողական իրավունքները վերականգնելու մասին (զեկուցող՝ ՈՒՄՎ ՈՒԳԿ բաժնի վարիչ Ն.Առուշանյան):
  3. Ընթացիկ հարցեր.
    • Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի կողմից աջակցության տրամադրման աշխատանքների ընթացքի մասին:
    • ԵՊՀ ԻՄ-ում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու մասին:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցելով՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը նշեց, որ քննաշրջանին մասնակցել է 952 ուսանող, որից 371-ը առկա ուսուցման համակարգից է, 581-ը՝ հեռակա:

Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ հեռացման է ներկայացվել 16 ուսանող, որից 13-ը ներկայացվել է հեռացման ոչ միայն քննաշրջանի արդյունքում ակադեմիական պարտքեր ունենալու, այլև կիսամյակի ուսման վարձը չվճարելու պատճառով:

29 ուսանող (24-ը՝ հեռակա, 5-ը՝ առկա) կուտակել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր:

Տարկետման մեջ գտնվող 39 ուսանողից առկա ուսուցման 1 ուսանող երեխայի խնամքի կապակցությամբ երկարաձգել է տարկետման ժամկետը: 36 ուսանող (9-ը՝ առկա, 27-ը՝ հեռակա) ՀՀ զինված ուժերից զորացրվելու կապակցությամբ վերադարձել է տարկետումից: 2 ուսանող էլ (1-ը՝առկա, 1-ը՝ հեռակա) զորացրվել են, բայց չեն ցանկացել վերականգնել իրենց ուսանողական իրավունքները: Բարձր կուրսերի 6 ուսանող (3-ը՝ առկա, 3-ը՝ հեռակա) զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ պարտադիր զինվորական ծառայության:

Որոշվեց, հիմք ընդունելով ՀՀ բուհ-ի ուսանողների հեռացման և վերականգնման կարգի II մասի 3-րդ կետի 1) և 3) ենթակետերը, 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակից հեռակա ուսուցման համակարգի 16 ուսանողի հեռացնել մասնաճյուղից՝ 2019-2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանում ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու՝ կիսամյակի արդյունքերով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու և կիսամյակի ուսման վարձը չվճարելու պատճառով:

Օրակարգային երկրորդ հարցի վերաբերյալ զեկուցելով՝ Ն.Առուշանյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Պատմություն» մասնագիտության II կուրսի նախկին ուսանող ՀՀ ազգային հերոս Ռուբեն Ռազմիկի Սանամյանը 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակից հեռացվել է մասնաճյուղից (հր. 52 §4, 30.03.2016թ.)՝ տարկետման ժամկետը լրանալու և ուսանողական իրավունքները չվերականգնելու պատճառով: 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում Ռուբեն Սանամյանը դիմել է իր  ուսանողական իրավունքները վերականգնելու համար:

Որոշվեց 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի նախկին ուսանող Ռուբեն Ռազմիկի Սանամյանի ուսանողական իրավունքները «Պատմություն» մասնագիտության II կուրսում ԵՊՀ ԻՄ-ի ֆինանսական միջոցների հաշվին՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ նշվեց, որ Հայաստանում և Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում ԵՊՀ ԻՄ-ի կողմից աջակցության տրամադրման աշխատանքներն իրականացվում են համակարգված ձևով:  Սեպտեմբերի 29-ին ԵՊՀ ԻՄ-ը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքի շրջանակներում հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է 1.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ՝ մասնաճյուղը նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում հավաքված դրամական միջոցները արդյունավետ և նպատակային իրացնելու համար ԵՊՀ ԻՄ-ի համապատասխան ստորաբաժանումները (Գնումների մատակարարման և պահեստավորման բաժին, Հաշվապահություն) գնումները կատարում են՝ առաջին անհրաժեշտության իրերի և ապրանքների ցանկը պարտադիր ճշտելով և համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների ու շտաբների հետ:

ԵՊՀ ԻՄ-ի կողմից Արցախին աջակցության տրամադրման աշխատանքների ընթացքի մասին զեկուցումն ընդունվեց ի գիտություն:

Երկրորդ ընթացիկ հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվեց հետևողական լինել, որ մասնաճյուղում խստորեն պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: