Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԱՅԱՑԱՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

#ARstudio

2018թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄի գրադարանում կայացավ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ, պ.գ.թ., ասիստենտ Ն.Գրիգորյանի և Ա.Ազատյանի համահեղինակած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ԴԵՄՔԵՐ, ԴԵՊՔԵՐ» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Ն.Գրիգորյանի և Ա.Ազատյանի գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ ներկայացնելով, որ իր գործընկերների հեղինակած «Հայաստանի առաջին հանրապետություն. դեմքեր, դեպքեր» գիրքն իսկապես պահանջված, ուսանողի գրադարանին անհրաժեշտ հանրամատչելի գիրք է, որտեղ լավագույնս բացահայտված և մատչելի կերպով մատուցված է Հայաստանի առաջին հանրապետության կայացման քաղաքական, սոցիալ-մշակութային կյանքի բոլոր ասպարեզների նվաճումները, քաղաքական գործչի կերպարը: Նա հատկապես կարևորեց քաղաքական գործիչներին վերաբերող հատվածները, որոնցում փորձ է արված ներկայացնելու, ինչու չէ նաև ամրապնդելու պետական, ազգային գործչի կերպարը՝ ի դեմս Հ.Քաջազնունու, Ալ.Խատիսյանի, Սիմոն Վրացյանի և այլոց: Ընդգծվեց այն հանգամանքը, որ Առաջին հանարապետության տարիներին թույլ տրված սխալները մեզ կարող են օգնել այսօր, այս հեղաբեկվող ժամանակաշրջանում, երբ գաղափարներն ու առաջնորդները կարող են մեկ օրում դառնալ ոչ իրական:

Ելույթ ունեցան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Դ.Թինոյանը, ամբիոնի դասախոսներ, մասնավորապես՝ պ.գ.թ., դոցենտ Լ.Մկրտչյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանը, ուսանողներ, հյուրեր՝ գրքի վերաբերյալ արժևորման ու գնահատանքի խոսքեր ասելով, գրքի լույսընծայման կապակցությամբ շնորհավորելով գրքի համահեղինակներին, ուսանողներին և բոլոր ներկաներին:

Ապա ելույթ ունեցան գրքի համահեղինակներ Ա.Ազատյանը և Ն.Գրիգորյանը՝ անդրադառնալով գրքի ստեղծման հանգամանքներին, նպատակին, գրքում արծարծված խնդիրներին. «Եթե խորհրդային տարիներին Հայաստանի  Առաջին Հանրապետության պատմության ուսումնասիրությունը գաղափարաքաղաքական նշանակություն ուներ, ապա վիճակը կտրուկ փոխվեց հետխորհրդային շրջանում, երբ մեր պատմաբանները մեծ թափով սկսեցին ուսումնասիրել Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը: Անկախության շրջանում շատ է գրվել Առաջին հանրապետության պատմության տարբեր հիմնահարցերի վերաբերյալ, այն աստիճան, որ թվում է, թե սպառվել էր այս թեման, և որևէ նոր խոսք չկար ասելու: Մեր նպատակն է եղել այս փոքրիկ գրքույկով հանրամատչելի ձևով ներկայացնել Առաջին հանրապետության կարճատև գոյության ընթացքում արձանագրված ձեռքբերումները և պետականության կայացման, արարման գործում մեծ ներդրում ունեցած հայրենասեր գործիչների գործունեությունը, իսկ այդպիսի գործիչները շատ էին, ովքեր սրտացավ էին հայ ժողովրդի համար: Բավական է հիշել մի օրինակ՝ կապված Հովհաննես Քաջազնունու հետ, երբ վերջինս, մեկնելով Ամերիկա, պետբյուջեից գումար վերցրեց վերարկու գնելու համար, սակայն գործուղումից վերադառնալուց անմիջապես հետո նա վաճառեց այդ վերարկուն և գումարը վերադարձրեց պետբյուջե»:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Նմանօրինակ միջոցառումներով գրադարանը հնարավորություն է ստանում վերածվելու համընկնումների և հակադրումների, համասեռումների և տարասեռումների միջավայրի, որտեղ մենք փորձում ենք քննարկել, քննադատել, ինչու չէ նաև հակադրվել միմյանց՝ վեր հանելով ճշմարիտն ու արդարը։ Ուստի միմյանց մաղթենք առողջ միտք, անհնարինը հնարավոր դարձնելու մեծ կամք և հիշենք, որ քույր ու եղբայր են չկարողանալն ու չկամենալը, հազարամղոն ճանապարհորդությունն էլ սկսվում է մեկ քայլով: Կրկին շնորհավորում եմ հեղինակներին և ցանկանում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ»:

Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Շնորհանդեսի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում