Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրի Ճաղարյանի հետ

Nairi Tshagharyan

 2019թ. հունիսի 4-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2013թ. շրջանավարտ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Նաիրի Միխայիլի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
– Ծնվել եմ 1992թ. օգոստոսի 10-ին գեղատեսիլ Տավշո աշխարհի Իջևան քաղաքում:

– Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:
– Ծնողներս Տավուշի մարզից են: Մայրս Սևքար գյուղից է, հայրս՝ Ենոքավան գյուղից: Մայրս՝ Դոնարա Փաշինյանը, արդեն երկար տարիներ աշխատում է ՀՀ Տավուշի մարզպետարանում՝ որպես Վարչատնտեսական բաժնի վարիչ: Ես ամուսնացած չեմ:

– Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
– Փոքր հասակում երազանքներս շատ էին մասնագիտության ընտրության հարցում, և դրանք գրեթե ամեն օր փոխվում էին՝ կախված շրջապատող իրադրությունից: Առաջին երազանքս, որ հիշում եմ, ցանկանում էի դառնալ հրշեջ (որպեսզի կարողանամ վարել կարմիր հրշեջ մեքենա): Հիշում եմ՝ առաջին դասարանն ավարտելիս դասվարս հանձնարարել էր մեզ գրել շարադրություն՝ «Ի՞նչ ենք ուզում դառնալ, երբ մեծանանք» թեմայով: Խոստացել էր գրված շարադրությունները ծրարավորել և դպրոցն ավարտելիս՝ վերջին զանգին, հանձնել մեզ: 10 տարվա ընթացքում արդեն բոլորս էլ մոռացել էինք շարադրությունների բովանդակության մասին, և քաղցր հուշ էր 10 տարի անց ընթերցելու գրվածը: Այդ շարադրության մեջ գրել էի, որ ցանկանում եմ դառնալ ոստիկան (երևի նրա համար, որ մորեղբայրներս ոստիկան էին և նրանցով էի ոգեշնչված):

– Ի՞նչ կրթություն եք ստացել:
– Միջնակարգ կրթությունս ստացել եմ Իջևանի թիվ 5 դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետ: Բակալավրի կրթական աստիճան ստանալուց հետո ուսումս շարունակել եմ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Ֆինանսաներ, դրամաշրջանառության և վարկ» մասնագիտությամբ:

– Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
– ԵՊՀ ԻՄ-ի դերը իմ մասնագիտական կայացման փուլում անգնահատելի է. հիանալի պրոֆեսորադասախոսական անձնակազմ, որակյալ կրթություն ստանալու համար ստեղծված լավ պայմաններ, որոնք հնարավորություն տվեցին ինձ գերազանցությամբ շարունակելու և ավարտելու մագիստրատուրան:

– Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
– Բակալավրում սովորելու տարիներին զբաղվել եմ ակտիվ հասարակական գործունեությամբ՝ նախ ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, ապա 2012-2013 թվականներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ:
Մագիստրատուրայում սովորելու 2-րդ կուրսում՝ 2014-2015 թթ., ժամավճարային հիմունքներով որպես դասախոս աշխատել եմ ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում՝ վարելով «Տնտեսագիտության տեսություն», «Համաշխարհային տնտեսագիտություն» դասընթացների սեմինարները:
2017թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում եմ ՀՀ տարածքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ որպես վարչական տնօրինության Բյուջեի և ներքին վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ:

– Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
– Հիմնականում ընթերցում եմ մասնագիտական գրականություն, գեղարվեստական գրականություն, ցավոք, ժամանակի սղության պատճառով շատ քիչ եմ ընթերցում: Իմ ամենասիրելի գեղարվեստական գիրքը Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպն է:

– Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
– Կարդացածս վերջին գիրքը ընկերոջս՝ Անդրանիկ Իսրայելյանի կողմից թարգմանված և «Նյու մեգ» հրատարակչության կողմից հրատարակված թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքն է:

– Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
– Ես ռետրո ոճի երաժշտության սիրահար եմ, կարծում եմ՝ երաժշտությունը և խոսքային բովանդակությունը լավագույնս արտահայտվել է նախորդ դարի 80-90-ական թվականների երաժշտության մեջ: Սիրածս երգը “Scorpions” խմբի “Wind of Change” երգն է:

– Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
– Սիրածս ֆիլմը Ուիլլ Սմիթի դերակատարմամբ “The pursuit of happiness” («Հաջողության հետապնդումը») ֆիլմն է:

– Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
– Նախընտրում եմ դիտել ֆուտբոլ, հատկապես, երբ խաղում է Հայաստանի ազգային հավաքականը և իսպանական Ռեալ Մադրիդը (երկրպագում եմ 2003 թ.-ից սկսած):
Սիրածս մարզաձևը, որով զբաղվել եմ երկար տարիներ, ձգումներ և պտույտներ պտտաձողի վրա (Street workout) մարզաձևն է:

– Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
– Արտերկրում չեմ եղել, իսկ Հայաստանում, համոզված եմ նաև ամբողջ աշխարհում, իմ ամենասիրելի վայրը ծննդավայրս է՝ Իջևանը:

– Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
– Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ ազնվությունը, բարությունը, պատասխանատվության զգացումը և ճշտապահությունը:

– Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
– Նախընտրածս կարգախոսը, որով էլ փորձում եմ առաջնորդվել իմ կյանքում, Կոնֆուցիոսի ձևակերպած միտքն է. «Մի՛ արա ուրիշներին այն, ինչ չես ցանկանա, որ անեն քեզ»:

– Ի՞նչ երբեք չեք անի:
– Երբեք օդապարիկով չեմ թռչի:

– Ինչի՞ց եք վախենում:
– Վախենում եմ հարազատ մարդու և նրա նկատմամբ ունեցած վստահության կորստից:

– Ինչի՞ համար եք ափսոսում:
– Ափսոսում եմ կյանքի որոշակի փուլերին և պահերին չարտահայտած/չասած մտքերի և խոսքերի համար:

– Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
– Հարազատ մարդկանց խորհուրդները:

– Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
– Ներկայումս իմ ամենամեծ ձեռքբերումը վստահելի և հավատարիմ ընկերներս են, ընկերներ՝ տվյալ բառի ամբողջական բովանդակությամբ և էությամբ:

– Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
– Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս հաջողության հասնելու հիմքում պետք է ընկած լինեն աշխատասիրությունը, նպատակասլացությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում գտնվելը, ինքդ քո նկատմամբ խիստ պահանջներ դնելը, երբեք ձեռքբերվածով չբավարարվելը և ցանկացած ձախողումը որպես կյանքի նոր դաս ընկալելը:

– Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
– Մայրս է տալիս ինձ ամենաթանկ խորհուրդները, որոնցից ցանկանում եմ առանձնացնել հետևյալները. «Յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին որոշում կայացնելիս խորը դատի՛ր իրավիճակը, մշտապես գնահատի՛ր հնարավոր ռիսկերը և հետևանքները», «Երբեք որոշում մի՛ կայացրու նյարդայնացած ժամանակ և պահի ազդեցության տակ»:

– Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
– Խորհուրդը, որ կցանկանայի տալ մասնավորապես ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, հետևյալն է՝ երբեք չբավարարվել ձեռք բերված գիտելիքներով, մասնագետ դառնում են միայն ու միայն ինքնակատարելագործման, ինքնակրթման ճանապարհով, այսօրվա ինֆորմացիան (ստացած գիտելիքը) վաղը կարող է արդեն հնացած լինել:
Սիրելի՛ ուսանողներ, մշտապես եղե՛ք տեղեկացված և ձգտե՛ք ավելիին:

– Շնորհակալ ենք ուշագրավ հարցազրույցի համար:

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Hasmik-Vanyan_Samveli