Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 5-ի տնօրենության նիստում

 2018թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության  նիստ՝  Ա. Վ.  Ցուցուլյանի նախագահությամբ:

DSCN3497

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հաշվի առնելով ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կատարած ուսումնասիրություններն ու հիմնավորումները աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ՝ քննարկվեց և վերանայվեց ԵՊՀ ԻՄ-ի ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, այդ թվում՝ քննական առարկայացանկը և անվճար տեղերը:

Մասնավորապես՝ առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետի՝ 2019թ. մասնագիտությունների ցանկում ավելացնել «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, Կիրառական արվեստի ֆակուլտետի մասնագիտությունների ցանկում ավելացնել «Կիրառական արվեստ»  մասնագիտությունը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագիր):

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջարկվեց ավելացնել «Հոգեբանություն» մասնագիտությունը և քննարկման ներկայացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը ներդնելու հարցը՝ հաշվի առնելով ՄԿՊԿ բաժնի վարիչի առաջարկությունը՝ տարածաշրջանում ռուսաց լեզվի ուսուցչի մեծ պահանջարկի հետ կապված:

Որոշվեց մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը ներկայացնել Մայր բուհի՝ «ԵՊՀ» հիմնադրամի քննարկմանը:

Մյուս հարցի կապակցությամբ հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին և բաժինների վարիչներին, առաջնորդվելով «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով,  հետևողական լինել իրենց աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը, աշխատաժամանակի ռեժիմը պահպանելու հարցերում, նույն կանոններից ելնելով՝ բուհի ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ներկայացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, կարգապահական նորմերը: