Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

2017թ. հոկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը, որը նախաձեռնել էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ուսանողները (Հրանտ Ղարագյոզյան, Սարգիս Խաչատրյան, Դիանա Բաբլումյան, Հասմիկ Քարտաշյան, Արևիկ Այդինյան, Արփինե Վերանյան, Սոնա Հակոբյան):

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Քննարկման հատուկ հյուրն էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանը, հրավիրված էին մասնաճյուղի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ:

Նախ ուսանողները հանդես եկան բացման խոսքով՝ ներկայացնելով քննարկման նպատակն ու շարժառիթը: «Իր շրջապատողներին յուրաքանչյուր մարդու տված ամենամեծ պարգևը հաջողության սեփական օրինակն է», – նշեցին նրանք՝ ակնկալելով պարոն Մովսեսյանից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Քննարկման հատուկ հյուրին տրվեցին այսպիսի հարցեր.

  • Ունե՞ք հաջողության հասնելու Ձեր սեփական բանաձևը:
  • Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում կյանքում առաջ շարժվելու և եղել է ինչ-որ մեկը, ով Ձեզ ոգեշնչել է հաջողությունների հասնելու համար:
  • Ո՞րն է Ձեր գլխավոր առաքելությունը կյանքում:
  • Ինչպե՞ս եք վերաբերվում հասարակական կարծիքին, արդյո՞ք ճիշտ եք համարում հրաժարվել ինչ-որ մտքերից կամ նպատակներից, որոնք չեն ընդունվի հասարակության կողմից:
  • Ինչպե՞ս եք ընդունում ձեր հասցեին ուղղված քննադատությունները:
  • Սրտի՞ն թե՞ մտքին պետք է հետևել հաջողության ճանապարհին:
  • Համաձա՞յն եք արդյոք, որ հաջողակ տղամարդու կողքին միշտ ուժեղ կին է կանգնած:
  • Ո՞րն է ձեր երիտասարդության ամենամեծ դասը:
  • Ո՞րն է ձեր ամենասիրած ասույթը և կյանքի կարգախոսը:

Առաջադրված հարցերին պարոն Մովսեսյանը տվեց շատ հետաքրքիր և մոտիվացնող պատասխաններ, խոսեց հրեական դաստիարակության առանձնահատկություններից, խորհուրդներ տվեց, թե ինչպես կարելի է ազատվել բացասական մտքերից ու կոմպլեքսներից:

Կայացավ «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկումը

Նա մասնավորապես նշեց, որ մեզնից յուրաքանչյուրին խանգարում է համեստությունն ու անհամբերությունը: Ընդգծվեց, որ համբերատար լինելով միայն կարելի է իրագործել բոլոր նպատակները:

Հ.Մովսեսյանը խորհուրդ տվեց լինել ավելի շատ լսողի դերում, քան խոսողի, բերեց բազմաթիվ օրինակներ հայտնի առաջնորդների կյանքի պատմություններից:

Քննարկումն անցավ ջերմ մթնոլորտում, վերջում պարոն Մովսեսյանն իր գոհունակությունն արտահայտեց և հույս հայտնեց, որ նմանատիպ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

Ուսանողները նույնպես շնորհակալություն հայտնեցին իրենց դասախոսին՝ բավականին հետաքրքիր ու բովանդակալից հարցազրույցի համար: