Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը

1. գլխավոր 2021թ. հոկտեմբերի 2-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպել է ԵՊՀ ԻՄի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը:

Դասընթացը վարում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Ալիսա Հասանյանը:

Վերապատրաստումը նախատեսված է ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների ղեկավարների, վարչական  և ուսումնաօժանդակ անձնակազմի անդամների համար:

Դասընթացի մեկնարկին մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ նշելով, որ գրագրության և փաստաթղթաշրջանառության գրագետ և արհեստավարժ կազմակերպումը համալսարանական մշակույթի անբաժանելի մասն է: Նա նաև տեղեկացրեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարք, որի արդյունքները հաշվի կառնվեն մոտակա ատեստացիայի ժամանակ:

Ա.Հասանյանը դասընթացին ներկայացրեց կազմակերպաիրավական, կարգադրական, տեղեկատվական-արձանագրային հիմնական փաստաթղթերի կազմման սկզբունքներն ու ձևերը:

Նշվեց, որ գործնական գրությունների կազմման համար հանձնարարելի է համարվում Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ձեռնարկը, որտեղ ներկայացված են գրավոր խոսքի առավել գործածական տեսակները, տրված է դրանց համառոտ բնութագիրը, շարադրանքի ձևն ու բովանդակությունը, լեզվաոճական առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ դրանց կազմման ձևերն այնուամենայնիվ միատարր չեն, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններ առաջնորդվում են իրենց կողմից մշակված տարբեր ձևանմուշներով:

Ըստ այդմ՝ տիկին Հասանյանը դասընթացի մասնակիցներին առաջարկեց վերապատրաստման ընթացքում միասին մշակել բուհում առավել շատ գործածվող գրությունների համար ձևանմուշներ:

Առաջին դասին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի վարչական  և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչները, հաջորդիվ կմասնակցեն ֆակուլտետների դեկանները և ստորաբաժանումների ղեկավարները:

«Աշխատանքային կամ պաշտոնական գործավարության տեքստերի պատրաստման հմտությունները» թեմայով վերապատրաստման դասընթացը կավարտվի ստուգարքով: