Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավո՛ր մարտի 8

1Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ՝ մաղթելով ձեզ անսահման սեր ու երջանկություն, գարնանային թարմ ու պայծառ տրամադրություն, նվիրական իղձերի իրականացում, անհուն բերկրանք, ամենայն բարիք…

Գարնան չքնաղ ծաղիկների պես լինեք միշտ քնքուշ ու հմայիչ, թարմ ու զգլխիչ, զեփյուռի պես մեղմ, արևի պես ջերմ, թո՛ղ անպակաս լինեն, ինչպես աստղերը երկնքից, ժպիտը ձեր դեմքից, երջանիկ պահերը ձեր կյանքից…

Տոնի նախապատմությունը

Մարտի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:

Կես դար անց նյույորքյան սոցիալդեմոկրատական կազմակերպության ակտիվիստները, հիշելով 1857թ. տեքստիլագործների բողոքի երթը, 1908թ. մարտի  8-ին կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հռչակեց Կանանց ազգային օր:

1910թ. Կոպենհագենում կին սոցիալիստների միջազգային երկրորդ խորհրդաժողովում Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց տոնը դարձնել ամենամյա, սակայն հստակ օր չմատնանշվեց:

Կանանց միջազգային օրն առաջինը նշվեց 1911թ. մարտի 19-ին չորս երկրում՝ Ավստրիա, Գերմանիա, Դանիա, Շվեյցարիա:

1914թ. մարտի 8-ին տոնը նշվեց վեց երկրում՝ Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում և Շվեյցարիայում, քանի որ այդ օրը կիրակի էր և ոչ աշխատանքային:

1965-ից Խորհրդային Միությունում օրը համարվեց ոչ աշխատանքային: 1975-ին խորհրդային գաղափարախոսներին հաջողվեց հասնել նրան, որ ՄԱԿը 1975-ը ճանաչեց Կանանց միջազգային տարի, որից հետո նույն կառույցը 1977թ. մարտի 8-ն արդեն հայտարարեց Կանանց միջազգային օր:

Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից, և որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր, սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց: Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ: