Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. ընդունելության գործընթացին զուգահեռ՝ հանդիպումներ դպրոցների շրջանավարտների հետ

1. գլխավոր

 2022թ. ընդունելության մեկնարկից ի վեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները` տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի համակարգող Ա.Մարգարյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը կրկին հանդիպումներ են ունեցել Տավուշի մարզի, ինչպես նաև Գեղար­քունիքի մարզի հարակից գյուղերի ավագ և միջնակարգ դպրոցների շրջանավարտների հետ: Այս տարի հանդիպումներին մասնակցում էին նաև տարբեր ֆակուլտետների ուսանողներ՝ ներկայացնելով մասնաճյուղի առօրյան, ուսումնական և մշակութային կյանքը:

ՄԿՊԿ բաժնի կողմից կազմակերպվող այս հանդիպումները 2022թ. շրջանավարտներին, որոնք գտնվում են համալսարանական կրթություն իրականացնող տարբեր բուհերի ընտրության խաչմերուկում, թույլ են տալիս զրուցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչների, համալսարանի ընդունելության իրականացման պատասխանատուների, ինչպես նաև ուսանողների հետ:

Հանդիպումները դիմորդների համար ոչ միայն լավ հնարավորություն են ցանկացած հարց ուղղելու համալսարանի կամ կոնկրետ կրթական ծրագրի վերաբերյալ, այլև իրազեկված լինելու ուսուցման զեղչային համակարգի, կրթաթոշակի հնարավորությունների, ընդունելության գործընթացների, դիմումների լրացման և այլնի մասին:

Ընդունելության դիմում-հայտ լրացնելուց առաջ տարբեր հանգամանքների վերաբերյալ հարց-պատասխանի միջոցով կատարվող քննարկումները ցույց են տալիս, որ հանրակրթական դպրոցի՝ 2022թ. շրջանավարտները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և կրթական ծրագրերը ընտրում են՝ լինելով հնարավորինս տեղեկացված:

Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակվող «Դիմորդների շարժ»-ի տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսի 7-ի դրությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր հայտագրված դիմորդների թիվը 252 է: Ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հետևյալ կրթական ծրագրերով՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» (47 դիմորդ), «Անգլերեն լեզու և գրականություն» (31 դիմորդ), «Պատմություն» (30 դիմորդ): Քիչ դիմորդներ են հայտագրվել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (5 դիմորդ), «Դիզայն» (5 դիմորդ) և «Հայոց լեզու և գրականություն» (10 դիմորդ) կրթական ծրագրերով:

2022թ. բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք: