Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավոր 

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. մարտի 4-ին Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ:

Նիստում քննարկվեցին 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփմանը և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերը:

Ընթացիկ հարցերը վերաբերում էին հեռակա ուսուցման ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը:

Առաջին հարցի մասին նշվեց, որ հեռակա ուսուցման համակարգում 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների թիվը 19 է (18-ը՝ եզրափակիչ գնահատումով, իսկ 1-ը՝ առանց եզրափակիչ գնահատման): Առանց եզրափակիչ գնահատման դասընթացների աշխատանքների ընդհանուր թիվը 11 է, եզրափակիչ գնահատումովը՝ 277:

Աշխատանքների ընդհանուր թիվը պետք է 288 լիներ, որից չի ներկայացվել 34 աշխատանք, 0 է գնահատվել` 71 աշխատանք, 1 միավոր՝ 6 աշխատանք, 2 միավոր՝ 52 աշխատանք, 3 միավոր գնահատվել է 41 աշխատանք, 4 միավոր՝ 50 աշխատանք, 5 միավոր՝ 30 աշխատանք, 1-ական ուսանողի աշխատանք՝ 6 և 7, 8 միավոր՝ 2 աշխատանք, 9 և 10 միավորներ չեն եղել:

Բակալավրի ավարտական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Ներկայացնելով աշխատանքների կատարման ընթացքը ըստ կուրսերի՝ նրանք նշեցին, որ առկա ուսուցման համակարգում աշխատանքները պատշաճ կերպով իրականացվում են, և ընթացքը կարելի է գնահատել բավարար՝ ի տարբերություն հեռակա ուսուցման համակարգի, որտեղ աշխատանքների իրականացման վիճակը բավարարի հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել, մասնավորապես՝ ժամկետների վերաբերյալ ևս մեկ անգամ ծանուցել ուսանողներին, որ հանդիպեն ղեկավարների հետ՝ համապատասխան ցուցումների, խորհրդատվության և շտկումների համար:

Հաջորդ հարցի կապակցությամբ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2023թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Տնօրենը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի սեղմ ժամկետներում հաստատվեն նրանց թեկնածությունները:

Հեռակա ուսուցման` 2022-2023 ուստարվա մագիստրոսական թեզերի պաշտպանության վերաբերյալ նշվեց, որ ս.թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեռնիկ Պետրոսյանը: Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից): 7 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ», գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գոհունակություն է հայտնել շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին և նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը: Նաև առաջարկվել է մագիստրոսական թեզերը ղեկավարող պրոֆեսորադասախոսական աձնակազմի հետ իրականացնել վերապատրաստում:

Տվյալ հարցի մասին նշվեց նաև, որ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի հեռակա ուսուցման «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության՝ 2023թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 11-ին:

2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) ամփոփման և 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցել է 473 ուսանող: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ դրական գնահատականներ են ստացել 176, առարկայական պարտքեր ունեն 297 ուսանողներ: Ուսանողների առաջադիմությունը կազմում է 37.2%: Քննաշրջանին չի ներկայացել 27 ուսանող:

2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացը 2023թ. մարտի 7-ից սկսելու համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ:

Ընթացիկ հարցերի կապակցությամբ որոշվեց, որ ելնելով քննաշրջանի արդյունքներից՝ 11 ուսանող դասընթաց է կրկնելու, 2 ուսանող հեռացվում է մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով:

Քննարկվեց նաև 8 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները ԵՊՀ ԻՄ-ի բակալավրատի հեռակա ուսուցման համակարգում վերականգնելու հարցը: