Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-ամյակին

2014թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-ամյակին

 

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, Իջևանի զորամասի զինվորներ, քաղաքի բնակիչներ: Նրանք զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց տոնական երաժշտություն, ապա ելույթ ունեցան Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմին տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը (Հովհաննես Բաղրամյան եւ Նելսոն Ստեփանյան)` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. 22 տարի առաջ այդ օրը ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992-ի մայիսի 8-ին: Հարձակումը իրականացվել է մի քանի ուղղություններով: Այն տևել է մոտ 36 ժամ: Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայերի համար Շուշիի ազատագրումը պատմական կարևոր իրադարձություն է: