Иджеванский филиал Ереванского государственного университета

Մեկ ժամ Շիրազի հետ (Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում)

2014թ. նոյեմբերի 18-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը` արժևորելով Շիրազ բանաստեղծին, ընդհանուր գծերով ներկայացնելով նրա պատկառելի վաստակը, վայելած ժողովրդականությունը. «Դարեր շարունակ հայոց բարձրիկ լեռներում մեր ժողովուրդը ծով գանձեր, անգին գանձեր է երկնել ու ծնել, որոնք համալրվում են նոր գանձերով, նոր, լուսապայծառ դեմքերով… Գողթան երգիչներից մինչև Ոսկեդարի մեծանուն պատմիչները, մինչև մեծ աղոթասաց Նարեկացի, մինչև սիրո անզուգական երգիչ Սայաթ-Նովա, մինչև Աբովյան, Չարենց ու Սևակ…

Ու նրանց մեջ մեր ժողովրդին շա~տ սիրելի մի անուն` Շիրազ, որ տասնամյակներ շարունակ ու այսուհետ իր ոգեշունչ քնարով, իր խորազգաց հայրենասիրությամբ, խորարմատ ազգասիրությամբ, մայրության ու սիրո երգերով ուղեկցում ու կուղեկցի աշխարհով մեկ սփռված հայերին…

Հզոր, ըմբոստ, ընդվզող, անհանդուրժող էություն` մերթ պոռթկուն, ինչպես լեռնային գիժ գետերը, մերթ մեղմակարկաչ ու բուրյան, ինչպես Արագածի փեշերին վառվող ծաղիկներն ու նրանց նուրբ թերթիկները շոյող քնքուշ զեփյուռը…

Այդ նա էր առաջինը, ով խոսեց Արցախի մասին, ու համոզված էր, որ նրա լեռների պես մի օր պիտի բռունցքվեն հայերը ու ազատագրեն գերված Արցախը:

Նրա երգերը ճեղքում էին խորհրդային երկաթյա պատնեշները, ծովերն ու օվկիանոսներն ու հասնում աշխարհասփյուռ հայերին:

Նրա գրքերը սպառվում էին այնպես, ինչպես պատերազմի տարիներին բաժանվող սև հացը…Նրան հետապնդում էին, երբեմն կալանում, որովհետև նրա մի խոսքն անգամ կարող էր հոգիներ այրել, բայց նրա մտքի ազատությունը, նրա խոսքը վանդակել ու կալանել չկարողացան:

Նա այսօր էլ իր ժողովրդի հետ է, մեզ հետ`բազմահազար ընթերցողներիս: Ու որպես մեր անհուն սիրո ու երախտիքի տուրք` նրա հարյուրամյակին ենք նվիրում այս փոքրիկ միջոցառումը…»:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի շնորհաշատ ուսանողուհիները ներկայացրին Հովհ. Շիրազի մասին մեծերի ասույթները, նրա կյանքի ուշագրավ ու հուզիչ դրվագներից, սիրային, մայրական, հայրենասիրական թեմաներով Շիրազի բանաստեղծական գյուտերից:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև նրա գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Մասնակիցների ելույթներն ուղեկցվեցին համապատասխան շնորհանդեսներով:

Վերջում խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով տիկին Սարհատյանին և մասնակիցներին. «Հովհաննես Շիրազը մեծ բանաստեղծ չէ սոսկ, նա ասես մեր էպոսից ելած մի խենթ է, տաղանդի ժայթքում, հրաբուխ: Շիրազին դիմելիս հիրավի հաղորդակցվում ես «Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ»։ Շնորհակալություն ձեզ` այս գանձերը յուրացնելու և տարածելու համար»: