Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 6-ի տնօրենության նիստում

DSCN5077

 2018թ. դեկտեմբերի 6-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների հաճախումներին, նույն կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա առաջին կիսամյակում ուսանողների հաճախումների վերաբերյալ զեկուցեցին ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունների ժամաքանակով նկատողության շեմը հատած ուսանողներ չկան «Ֆրանսերեն լեզու և գրականություն» IV, «Օտար լեզու և գրականություն» I և II, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» I, «Պատմություն» II, «Հայոց լեզու և գրականություն» II և III, «Հոգեբանություն» IV կուրսերում: Մյուս կուրսերում անհարգելի բացակայությամբ նկատողության շեմը հատել են 23 ուսանողներ:

Տնտեսագիտության ֆակուլտետում նույն ժամանակահատվածում դեկանի կողմից նկատողություն է ստացել 23 ուսանող, տնօրենի կողմից նկատողություն է ստացել 2 ուսանող, ներկայացվել է նկատողության ևս 5 ուսանող:

Ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակամիջոցում առավել ցածր հաճախելիություն գրանցվել է ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման հետևյալ կուրսերում՝ «ԻԿՄ» IV և II, «Սերվիս» IV, «ՏՏ» IV, «Տնտ.» III և «Պատմ.» III:

Նիստի ընթացքում նաև որոշվեց Հեռակա ուսուցման բաժնի 15 ուսանողների հեռացնել մասնաճյուղից՝ 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում ուսումնական պարապմունքներից 60 և ավելի ակադեմիական ժամ անհարգելի բացակայություններ ունենալու և կիսամյակի ուսման վարձը չվճարելու կամ մասնակի վճարելու և ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունը չհանձնելու պատճառով:

2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2018-2019 ուսումնական տարվա I կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 22-28-ը կիրականացվեն բակալավրիատի առկա ուսուցման II ընթացիկ քննությունները, ստուգումները և ստուգարքները, իսկ հեռակա ուսուցման I ընթացիկ քննությունները և ստուգումները կանցկացվեն 2018թ. դեկտեմբերի 6-20-ը:

Ընդգծվեց, որ Ուսումնամեթոդական վարչության կողմից կատարվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննաշրջանը պատշաճ կերպով իրականացնելու համար: Մասնաճյուղի ֆակուլտետներին և հեռակա ուսուցման բաժնին հատկացվել են ընթացիկ քննության համար նախատեսվող տետրերը, թեստային համակարգով իրականացվող քննությունների համար համարակալվել և կնքվել են ձևաթղթերը: Ներկայացված գրաֆիկները ստուգվել են, այնուհետև կազմվել է ժամանակացույց՝ քննական պրոցեսը տեսախցիկներով կահավորված 4 լսարաններում իրականացնելու համար: Կազմվել է գրաֆիկ՝ քննաշրջանի ընթացքում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մասնաճյուղն ամբողջովին պատրաստ է քննաշրջանը սկսելու: