Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ

1. գլխավոր

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2022 թվականին ԵՊՀ ԻՄի մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժինը կազմակերպել է շրջանավարտների և հանձնաժողովների նախագահների հարցումներ, որոնց արդյունքներն արդեն հավաքագրվել են՝ որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը (8 կրթական ծրագրերով ավարտական աշխատանքների պաշտպանություններ) իրականացվել է ս.թ. մայիսի 21-29-ին: Մայիսի 21-ին կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն» , մայիսի 26-ին, 27-ին և 29-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Հանձնաժողովների նախագահների ընդհանուր կարծիքի համաձայն՝ ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության, վարչական համապատասխան ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից 2022թ. ավարտական աշխատանքների պաշտպանության գործընթացը կազմակերպվել էր պատշաճ կարգով և բարձր մակարդակով, հաստատված ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչների համաձայն:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Արման Ռաֆիկի Մարտիրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 7 շրջանավարտ. 1-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողներին հիմնականում հաջողվել է լուծել իրենց առջև դրված խնդիրները, ընտրված թեմաների միջոցով առաջ են քաշվել արդիական և կարևոր հիմնախնդիրներ: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է զարգացնել մասնագիտական գրականությունից օգտվելու, ինքնուրույն վերլուծություններ կատարելու ուսանողների ունակությունները:

«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («ԱԼԳ» և «ՖԼԳ» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքների թեմաներն արդիական էին, կատարված էր մանրամասն վերլուծություն, որտեղ երևում էր նաև ուսանողի ինքնուրույն հետազոտական աշխատանքը: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի մեծ ուշադրություն դարձնել փոխանցելի հմտությունների զարգացմանը, ֆրանսերեն ավարտական աշխատանքների հայերեն ձևակերպումներին:

«Զբոսաշրջություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 6 շրջանավարտ. 4-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ աշխատանքները համապատասխանում էին գործող կարգի պահանջներին: Բարելավման ուղղությամբ առաջարկվել է թեմաների ընտրության գործընթացում ներգրավել մասնավոր հատվածին՝ գործատուներին, առավել շատ ուշադրություն դարձնել շրջանավարտների վերլուծական կարողությունների զարգացմանը:

«Դիզայն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ, ՀՀ ԴՄ անդամ Տիգրան Միհրանի Սոսոյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 8 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 1-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է շարունակել կատարվող աշխատանքները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով դիզայնի ժամանակակից պահանջներին և ուղղություններին: Ըստ պարոն Սոսոյանի՝ ավարտական աշխատանքների թեմաները հիմնականում հաջողված էին, թեմաների մեջ հաջորդիվ կարելի է ներառել զինվորական վրանների նախագիծ, դրոններ, ինքնագնացներ և այլն:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մ. գ. դոկտոր Իգոր Կարապետի Կարապետյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ աշխատանքներում տեսական և գործնական մասերը լրացնում են իրար, տրամաբանորեն փոխկապակցված են: Ուսանողները հիմնականում կարողանում են հավուր պատշաճի ներկայացնել աշխատանքները, համապարփակ ձևով՝ իրենց հետազոտության արդյունքները, բավականին լավ են կառուցված սահիկները: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է փորձարարական աշխատանքի ընթացակարգերի խորացում, տեսական բազայի ընդլայնում: 

«Ֆինանսներ» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահի գլխավոր խորհրդական, Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, տ.գ.թ. Վահագն Արմենի Գրիգորյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 10 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Որակի հետագա բարելավ­ման ուղղութ­յամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է մասնագետների պատրաստման ծրագրում ներառել «Հետազոտական մեթոդներ» առարկան: Այն ուսանողներին կսովորեցնի ձևակերպել հետազոտական հիպոթեզներ, կիրառել առաջնային հետազոտական մեթոդներ, շարադրել հետազոտական փաստաթղթեր: Առանձին առարկաների շրջանակներում իրականացվող նախագծային ուսուցման մասն արդեն կկառուցվի եղած գիտելիքների վրա և կամրապնդի այն գործնական կիրառման միջոցով:  

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխ. գիտ. դոկտոր Աշոտ Գևորգի Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 10-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ հիմնականում պաշտպանություններն ընթանում էին պատշաճ մակարդակով, որոշ աշխատանքներում ներկայացված էին յուրօրինակ լուծումներ: Առաջարկվել է թեմաների կապը պրակտիկ խնդիրների հետ ավելի ուժեղացնել, թեմաների ընտրության ժամանակ ուշադրություն դարձնել դրանց կիրառական խնդիրներին, իսկ աշխատանքները ներկայացնելիս՝ սլայդներին: Պարոն Հարությունյանը ցանկալի է համարել մշակված ծրագրերի դեմո (փորձնական) տարբերակների ներկայացումը:

ԵՊՀ ԻՄի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից բակալավրի որակավորում ստանալու կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ նրանց ցանկանալով բուհում ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների նպատակային և արդյունավետ կիրառում, նշանակալի ձեռքբերումներ, ամենայն բարիք: