Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարգանքի տուրք մատուցվեց Ա. Ս. Պուշկինի հիշատակի և Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ

1. գլխավոր

2021թ. փետրվարի 10-ին՝ Դիվանագիտական աշխատողի օրվա և Ա. Ս. Պուշկինի հիշատակի օրվա առթիվ, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ծաղիկներ դրվեցին Պուշկինի լեռնանցքի մոտ գտնվող աղբյուր-հուշարձանին (Լոռու մարզ, գյուղ Գարգառ), որտեղ 1829թ. էրզրում ճանապարհորդելիս Ա. Ս. Պուշկինը հանդիպել էր Ա. Ս. Գրիբոյեդովի աճյունը Իրանից Թբիլիսի տեղափոխողներին: Ալեքսանդր Գրիբոյեդովը (1795-1829) ռուս մեծ գրողներից առաջինն է, ով իր դիվանագիտական ծառայության և պատմական իրադարձությունների բերումով այցելեց Հայաստան, հաղորդակցվեց նրա հնագույն պատմությանը և մշակույթին, մոտիկից ծանոթացավ ժողովրդի կենդանի կյանքին:

 

Միջոցառմանը ներկա էին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աշխատակիցները՝ տնօրեն Հարություն Համբարձումյանի գլխավորությամբ, հասարակական կազմակերպությունների անդամներ, Վանաձորի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ, բ.գ.թՄ.Զուրաբյանը, նույն մասնագիտության ուսանողներ:

 

Իր ելույթում հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը նշեց, որ 2002թ. հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահի հրամանագրով փետրվարի 10-ը սահմանվել է որպես Դիվանագիտական աշխատողի օր: «Այժմ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել շատ երկրներում, և դրանցում դիվանագետներ են մահանում: Դժբախտաբար, Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովը մահացավ հենց Իրանում իր ծառայության ընթացքում: Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը մահացավ Ստամբուլում», – ասաց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը` անդրադառնալով դիվանագետների բարդ աշխատանքին՝ պետությունների և ժողովուրդների միջև խաղաղության կամ ըմբռնման կամուրջներ կառուցելու ուղղությամբ:

 

Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը ներկայացրեց հուշարձանի պատմությունը, որը վերակառուցվել է 2005 թվականին և Պուշկինի լեռնանցքի գագաթից տեղափոխվել է Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հասանելիության համար: Հայաստանում աղբյուր-հուշարձանը կանգնեցվել է 1937 թվականին՝ Պուշկինի հիշատակի հարյուրամյակին, Բեզոբդալ լեռան գագաթին՝ Ստեփանավան քաղաքը Կիրովականի հետ կապող չսալարկված ճանապարհի եզրին: Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Սմբատ Սարգսյանը և ճարտարապետ Գեորգի Մուրզան: Պուշկինի լեռնանցքը (Բեզոբդալի, Բզովդալի, Դվալի լեռնանցք) գտնվում է Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի արևելյան մասում: Լեռնանցքը կոչվել է ռուս բանաստեղծ Ա. Ս. Պուշկինի անունով, քանի որ 1829 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդր Պուշկինը, իր իսկ խոսքով, լեռնանցքից ոչ հեռու՝ հայկական փոքրիկ Գարգառ (այժմ ՝ Պուշկինո) գյուղի մոտ, հանդիպեց մի սայլի, որով Թբիլիսի էին տեղափոխում Թեհրանում սպանված Գրիբոյեդովի մարմինը:

 

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: