Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի պրակտիկաներն անցկացվում են առցանց

1.  2020թ. մարտի 16-ից՝ հանրապետությունում արտակարգ դրության հայտարարումից ի վեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ինչպես ՀՀ այլ բուհեր, ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով քայլեր ձեռնարկեց առցանց եղանակով իրականացնելու ուսումնական գործընթացները, այդ թվում՝ 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաները:

Հաշվի առնելով, որ առցանց ուսուցման կազմակերպումը նորություն է պրակտիկա իրականացնող կող­մերի համար՝ ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժինը Zoom առցանց հարթակի միջոցով նրանց հետ իրականացրել է ամենօրյա քննար­կումներ և խորհրդատվություններ, ծանոթացրել է նրանց պրակտիկայի ղեկավար­ների և ուսանողների հիմնական խնդիրներին, ինչպես նաև ապահովել է գործընթացի նկատմամբ հսկողություն:

Մանկավարժական պրակտիկաներն արդեն իրականացվել են «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 3-րդ և 4-րդ կուրսերում, դեռևս ընթացքի մեջ են նույն կրթական ծրագրի առկա ուսուցման 3-րդ կուրսում, «Պատմություն» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրսում:

Մանկավարժական առցանց պրակ­տիկա­ներն ուսանողներին հնարավորություն են տալիս ծանոթանալու դպրոց­ներում առցանց ուսուցման կազմակերպմանը, առաջացող խնդիրներին, օրինակ, թե տարրական դասարանի ուսուցչուհին ինչպես է կատարում մեթոդի ընտ­րու­­թյունը, ապահովում աշակերտների ներգրավվածությունը, ինչ­պես է գնահատում, ար­դ­յունավետ են արդյոք առցանց դասերը, ինչպես են դրանք ազդում սովորողների սոցիալականացման վրա և այլն։

Դրանք կազմակերպվել են ան­հատական (ուսանողների կողմից ընտրված դպրոցներում՝ ընդունող կողմի հետ ունե­­նա­լով համա­պատասխան պայմանավորվածություն) և խմբային եղանակներով: Խմբա­յին եղա­նակով մանկավարժական պրակտիկան կազմակերպվել է Իջևանի Ս.Սարգս­յանի անվան թիվ 1 հիմնական և Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցներում՝ ուսուցման գործընթացի առցանց կազմակերպման հնարավորությունները դպրոցների ներկայացուցիչների հետ քննարկման և փոխպայմանավորվածության հիման վրա:

Նկատի ունենալով, որ պրակ­տիկայի ընթացքում կարող են առա­ջանալ դժվարություններ՝ յուրաքանչյուր դասարանին կցված ուսանողների ներգրավվածությունը դասապրոցեսին քննարկվել է առանձին-առանձին: Ուսանողներն ունեին հանձնարարություն զուգահեռաբար կատարել առցանց դասերի դիտում և վերլուծություն, որոնք հասանելի են պաշտո­նական կայքերում (https://heravar.armedu.am/, https://www.imdproc.am/, https://usum.am/ և այլն):

Ընթացքի մեջ են նաև ուսումնական և արտադրական պրակտիկաները «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առկա ուսուցման 1-ին և 2-րդ, հեռակա ուսուցման 2-րդ կուրսերում, «Պատմություն» կրթական ծրագրի հեռակա ուսուցման 4-րդ կուրսում:

Ելնելով կրթական ծրագրերի առանձ­նահատկություններից՝ դրանք կազմակերպվում են պրակտիկայի ղեկավարների կողմից ուսում­նական խնդիրների հիման վրա տրվող հանձնարարությունների կատարման միջոցով:

ԵՊՀ ԻՄի մինչհամալսարանական

կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին