Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և ԱՄՆ-ի Այովայի համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր (3) 2022թ. հունվարի 13-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը համագործակցության հուշագիր է առցանց ստորագրել ԱՄՆ-ի Այովայի համալսարանի հետ:

Համագործակցության հուշագրի ստորագրմանը մասնակցում էին Այովայի համալսարանի պրոռեկտոր և միջազգային ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր Ռասել Գանիմը, նույն համալսարանի համաշխարհային լեզուների և մշակույթի բաժնի վարիչ դոկտոր Իրինա Կոստինան, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը, Օտար լեզուների ամբիոնի ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի դոցենտ Սվետլանա Մինասյանը, նույն ամբիոնի դասախոս Ռաֆայել Հարությունյանը։ Ներկա էին Արտաքին կապերի բաժնի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Վանյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակից Սուրեն Դանելյանը:

Հուշագրի նպատակն է կրթական և գիտահետազոտական ծրագրերի ոլորտում համատեղ համագործակցության զարգացումը, դասախոսների և ուսանողների փոխադարձ ակադեմիական փոխանակման, գիտաժողովներին, սիմպոզիումներին մասնակցության, գիտական հրապարակումների փոխանակման խրախուսումը:

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը, հնարավոր միջազգային համատեղ նախագծերի իրականացումը:

Կողմերը դիտարկեցին համագործակցության ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները, տեխնիկական միջոցները, քննարկեցին կազմակերպչական որոշ հարցեր:

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ամառային դպրոցի կազմակերպման պրակտիկայի և հետազոտական աշխատանքների վրա:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս կազմակերպել նման հանդիպում՝ փոխգործակցության հարցերն ավելի առարկայական քննարկելու համար: