Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ կանանց տոնին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

1

 2019թ. մարտի 7-ին Իջևանի քաղաքային պատկերասրահում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց տոնին:

Ֆակուլտետում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ գարնան և կանանց տոնի մեկնարկն ազդարարվում է ցուցահանդեսի հանդիսավոր բացմամբ, որը սիրո, հարգանքի և մեծարանքի տուրք է մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին մարզի տարբեր ոլորտների, Իջևանի քաղաքային իշխանությունների, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ներկայացուցիչներ, արվեստագետներ, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, քաղաքացիներ:

Բացման խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչ, ԵՊՀ ԻՄ-ի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի  դոցենտ,  ՀՆՄ վարչության անդամ Համլետ Ասատրյանը, Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, մշակութաբան Անի Կոստանդյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ալեքսան Մարգարյանը, ովքեր ջերմորեն շնորհավորեցին Գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին՝ գարնանային չքնաղ տոնի առթիվ հղելով սիրո, գեղեցկի, բարու մաղթանքներ:

Այնուհետև ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին պարոն Ցուցուլյանը հանձնեց հավաստագրեր, և կանանց տոնին նվիրված ցուցահանդեսը հայտարարվեց բացված:

Ցուցահանդեսում ընդգրկված են Կիրառական արվեստի ֆակուլտետի 9 դասախոսի և 10 ուսանողի՝ բազմաբնույթ ու բազմաժանր, հետաքրքիր ու ինքնատիպ 75 աշխատանքներ:

 «Կանանց տոնին նվիրված այս ցուցահանդեսը, – հարցազրույցի ընթացքում շեշտեց պարոն Ասատրյանը, – աննախադեպ է իր բազմաժանրությամբ՝ գեղանկար, քանդակ, կիրառական արվեստ, գրաֆիկա, գոբելեն, բատիկա, ապակենկարչություն, կերամիկա և այլն»:

Պայծառ ու շքեղ գույներով փայլող աշխատանքները պատկերասրահը ողողել են գարնանային թարմ տրամադրությամբ, գեղեցկության ու կանացիության շնչով, տաքուկ գույների չարաճճի խաղով:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: