Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավոր. IMG_21572022թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության ընդլայնված նիստ:

Օրակարգային առաջին հարցի` 2021-2022 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծության մասին զեկուցեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 29 է (15՝ եզրափակիչ գնահատումով, 14՝ առանց եզրափակիչ գնահատման), իսկ հեռակա ուսուցման համակարգում դրանց թիվը 18 է, որից 10-ը՝ եզրափակիչ գնահատումով, 8-ը՝ առանց եզրափակիչ գնահատման: Ներկայացվեց, որ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը պարբերաբար հետևել է հետազոտական աշխատանքների ընթացքին, կազմակերպել է հանդիպումներ հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական աշխատանքների թեմաների ընտրության, հաստատման, կատարման ընթացքի և գնահատման չափանիշների վերաբերյալ հարցեր:

Ա.Մակարյանը նշեց, որ ակնկալվում էր՝ հեռակա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչի ներդնումը կապված կլինի որոշակի խնդիրների հետ, ինչը ցույց է տալիս նաև ներկայացված վերլուծությունը: Անհրաժեշտ է միևնույն մոտեցումները կիրառել և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողների համար բոլոր գործընթացներում, և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ լավ արդյունքներ:

Երկրորդ հարցի` ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքների քննարկման կապակցությամբ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Ներկայացվեց, որ 2022թ. մայիսի 21-29-ին տեղի է ունեցել է 2021-2022 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը: Մայիսի 21-ին կայացել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն» և «Դիզայն», մայիսի 26-ին, 27-ին և 29-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերով շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Դեկանները ներկայացրին իրենց ֆակուլտետներում ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պատկերը, անդրադարձան արդյունքներին, հանձանժողովների նախագահների կարծիքներին, տեսակետներին և առաջարկություններին, որոնք հավաքագրված են Ուսումնամեթոդական վարչության և Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից, առկա են ֆակուլտետներում և անպայմանորեն հաշվի կառնվեն որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման ընթացքում:

Արդյունքների հետ կապված՝ զեկուցող Կ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է 3 մասնագիտությամբ՝ «Պատմություն», «Օտար լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»: «Պատմություն» մասնագիտության 7 շրջանավարտից 1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ»: «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 10 շրջանավարտից 6-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ»: «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 19 շրջանավարտից 6-ը ստացել է «գերազանց», 9-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:

Զեկուցող Վ.Աղաբաբյանը ներկայացրեց, որ Կիրառական արվեստի ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է միայն 1՝ «Դիզայն»  մասնագիտությամբ: 8 շրջանավարտից 7-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «բավարար»:

Զեկուցող Ա.Մարգարյանը նշեց, որ Տնտեսագիտության ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է 2 մասնագիտությամբ՝ «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ»: «Զբոսաշրջություն» մասնագիտության 6 շրջանավարտից 4-ը ստացել է «գերազանց», 2-ը՝ «լավ»: «Ֆինանսներ» մասնագիտության 10 շրջանավարտից 5-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ»:

Զեկուցող Մ.Զաքարյանը ներկայացրեց, որ Բնական գիտությունների ֆակուլտետում ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է 1՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ: 19 շրջանավարտից 7-ը ստացել է «գերազանց», 2-ը՝ «լավ», 10-ը՝ «բավարար»:

Երրորդ հարցի՝ ուսանողների կրթական և այլ կարիքների վերհանման, մատուցվող ծառայություն­ներից նրանց բավարարվածության գնահատման վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը՝ ներկայացնելով 2022թ. փետրվար-մայիս ամիսներին բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հավաքագրված խնդիրները և ուսանողների առաջարկները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց 2022թ. առկա ուսուցման շրջանավարտների՝ մասնաճյուղում ստացած կրթությունից բավարարվածության ուսումնասիրության արդյունքում առանձնացված, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքներից վերհանված խնդիրներին, 2021-22 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների իրականացման և գնահատման հետ կապված խնդիրներին: Նշվեց, որ հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության առցանց հարցումն անցկացվել է 2022թ. մարտին, արդյունքները վերլուծվել են, քննարկվել ամբիոններում:

Մասնաճյուղում ստացած կրթությունից առկա ուսուցման շրջանավարտների բավարարվածության ուսումնասիրությունները ՄԿՈԱ բաժինն իրականացրել է 2022թ. մայիսին և ուսումնասիրության համար ընտրել է 2 մեթոդ՝ հարցում և խմբային քննարկում: Առկա ուսուցման շրջանավարտների՝ մասնաճյուղում ստացած կրթությունից բավարավածության առցանց հարցման արդյունքները բաժնում արդեն վերլուծվում են, դրանք ըստ կրթական ծրագրերի վերջնական խմբագրելուց հետո կներկայացվեն համապատասխան ամբիոններ՝ քննարկման համար, նաև մանրամասն կներկայացվեն ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում:

Այս հարցի կապակցությամբ տնօրենի կողմից ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց հանգամանորեն ուսումնասիրել ուսանողների կրթական և այլ կարիքները, մատուցվող ծառայություն­ներից նրանց բավարարվածության հարցման արդյունքում վերհանված կարծիք-առաջարկներն ու խնդիրները և ներկայացնել դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Տնօրենության նիստում որոշվեց զեկուցողների հաղորդումներն ընդունել ի գիտություն: