Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության հերթական նիստը

Տնօր. նիստի նկար

 2019թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ, ըստ ուսումնական պրոցեսի կազմակերպման ժամանակացույցի, ս.թ. հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 2-ը մասնաճյուղում անցկացվելու են 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումները: Նա նշեց, որ ամբիոնները առարկայական փաթեթներին համապատասխան պետք է դեկանատներ ներկայացնեն ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ձևերը, և ըստ այդմ՝ պետք է կազմվեն քննաշրջանի ժամանակացույցները: Ընթացիկ քննությունների և ստուգումների տոմսերն ու թեստերը պետք է բխեն առարկայական հարցաշարերից, չպետք է լինեն անհամապատասխանություններ:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը Ուսումնամեթոդական վարչություն և ուսանողներին ներկայացնել առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների ժամանակացույցները և դրանք տեղադրել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:

Ուսումնամեթոդական վարչությանը, ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին հանձնարարվեց հետևել առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների պատշաճ անցկացմանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր, որոնց վերաբերյալ նշվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի համապատասխան պետք է վերանայի 2019-20 ուստարվա իր աշխատանքային պլանը:

Որոշվեց, որ ստորաբաժանումների ղեկավարները մինչև ս.թ հոկտեմբերի 20-ը կազմեն ու հաստատման ներկայացնեն իրենց ստորաբաժանումների աշխատանքային պլանները, հետևեն իրենց աշխատակիցների աշխատանքային կարգապահությանը:

Շեշտվեց, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ԵՊՀ ԻՄ-ի իրավախորհրդատուից վերցնի իր և իր աշխատակիցների պաշտոնների անձնագրերը՝ իրենց աշխատանքային պարտականություններին ևս մեկ անգամ ծանոթանալու և դրանք պատշաճ կերպով իրականացնելու նպատակով: Ստորաբաժանումների ղեկավարները նաև պետք է  հետևեն իրենց  աշխատակիցների  կարգապահությանը:

Անդրադառնալով առարկայական փաթեթներին՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն ընդգծեց, որ 2019-2020 ուսումնական տարում առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասավանդվող բոլոր դասընթացների փաթեթներն ամբիոններում պետք է հաստատված լինեին սեպտեմբերից: Այսուհանդերձ, պետք է ամբիոնների վարիչներին ևս մեկ անգամ զգուշացնել, որ ուշադիր լինեն առարկայական փաթեթների առկայությանը, քննարկմանն ու հաստատմանը:

Ամբիոնների վարիչներին որոշեցին հանձնարարել մինչև հոկտեմբերի 20-ը կարգավորել բացակա կամ թերի առարկայական փաթեթները:

Նշվեց, որ ամբիոնների վարիչներն իրենց անհատական ծանրաբեռնվածություններին համապատասխան պետք է իրականացնեն դասալսումներ: Դասալսումից հետո նրանք պետք է ներկայացնեն համապատասխան հաշվետվություն, կատարեն գրանցումներ դասալսումների մատյանում:

Որոշվեց ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև վերոնշյալ ժամկետն անցկացնել դասալսումներ՝ ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կանոնակարգի համաձայն: