Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Հասմիկ Վանյանի հետ

5. Հասմիկ Վանյան 2019թ. փետրվարի 15-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հասմիկ Սամվելի Վանյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1987 թվականի սեպտեմբերի 16-ին գողտրիկ Իջևանում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Հայրս՝ Սամվել Վանյանը, Շամշադինի շրջանից է՝ սահմանամերձ Չինարի գյուղից, շինարար է, մայրս՝ Անահիտ Առաքելյանը, Իջևանից է, մասնագիտությամբ՝ մանկավարժ: Ես մեր ընտանիքի կրտսեր զավակն եմ. ունեմ երկու ավագ եղբայր:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ես փոքր հասակում երազում էի «աշխարհում արդարություն հաստատել»՝ դառնալ իրավաբան, բայց երբ մեծացա, երևի հասկացա, որ կյանքում անհնար է դա իրականացնել, ընտրեցի մի ոլորտ՝ գրականությունը, որտեղ անհնարը կարող է դառնալ ոչ միայն հնարավոր, այլև իրական:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2004-2008 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ստանալով բանասիրության, մանկավարժության բակալավրի աստիճան: 2008-2010 թթ. սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում և ստացել բանասիրության մագիստրոսի աստիճան: 2010-13 թթ. եղել եմ ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ: 2013-ին պաշտպանել եմ «Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները» թեմայով գիտական ատենախոսություն՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– Քիչ է ասել, թե ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը վճռորոշ դեր ու նշանակություն է ունեցել իմ հետագա կարիերայի և ընդհանրապես կյանքի համար: Ես կասեի, որ հատկապես իմ ընդունելության տարիներին Մայր բուհի մասնաճյուղի գոյությունը Իջևանում փրկության իսկական աղբյուր էր ինձ և ինձ նման այն երիտասարդների համար, ովքեր հնարավորություն (նյութական և այլ) չունեին Երևանում սովորելու, բայց ուսման ծարավի էին…

Ես անչափ շնորհակալ եմ իմ սիրելի դասախոսներին՝ իրենց փոխանցած գիտելիքների ու հոգևոր արժեքների համար, և այսօր հպարտ եմ նրանց շարքը համալրելու պատվով ու պատասխանատվությամբ:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Դասախոսական և վարչական գործունեություն եմ իրականացնում իմ հարազատ բուհում՝ 2010 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, 2013-ից՝ ասիստենտ, 2018թ. նոյեմբերից՝ դոցենտ, 2012 թվականից նաև ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն եմ:    

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Դժվարանում եմ առանձնացնել մեկը, ուստի կնշեմ մի քանիսը. իմ սիրելի գրքերից են «Շագրենի կաշին», «Կոմս Մոնտե Քրիստո», «Ոճիր և պատիժ», «Ծերունին և ծովը», «Ալքիմիկոսը», «4510 ըստ Ֆարենհայթի», «Սոկրատես», «Զրույցներ Գյոթեի հետ» գործերը: Թերևս ավելորդ է նշել, որ շատ եմ սիրում իմ մասնագիտությունը՝ հայ գրականությունը, իսկ Ավ. Իսահակյանի ստեղծագործությունն իմ տարերքն է: Ունեմ նաև հոբբի՝ փիլիսոփայությունը. ազատ ժամանակ սիրում եմ ուսումնասիրել Պլատոնի, Արիստոտելի, Հեգելի, Շտիրների, Շոպենհաուերի, Նիցշեի, Ֆրոմի և այլոց երկերը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Գիտական ղեկավարիս՝ բ.գ.դ., պրոֆեսոր Զավեն Ավետիսյանի «Հեռացող հորիզոններ» հուշագրական բնույթի գիրքը:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Տարբեր ոճերի երաժշտություն՝ ելնելով տրամադրությունից և առիթից: Սիրած երգեր շատ ունեմ, բայց դրանցից կառանձնացնեմ մեկը՝ «Ես առանց քեզ» (երևի այդ երգի մեջ առկա «երևի»-ի պատճառով):

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ մեր հայկական դասական ֆիլմերը, արտասահմանյան ֆիլմերից՝ «Առաջին ասպետը», «Աննան և թագավորը», «Փախուստ Շոուշենկից», «Երկնքի երեխաները»:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Վազք, բռնցքամարտ և ծանրամարտ. երևի հասկացաք, որ զբաղվել կարող եմ առաջինով, մյուս երկուսը սիրում եմ դիտել:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Դրախտե, մի քիչ էլ խենթ Իջևանը, որտեղ մտնելիս շնչառությունդ ասես բացվում է, և շնչավորվում են ամեն քար ու թուփ, ամեն ժայռ ու քարափ…

Արտերկրում քիչ եմ եղել, մի քանի անգամ այցելել եմ Թբիլիսի. գեղեցիկ քաղաք է, առանձնահատուկ հմայք ունի հնագույն Հավլաբար թաղամասը:  

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդկանց մեջ բարձր եմ գնահատում ազնվությունը, բարությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը և հաստատակամությունը: Չեմ ընդունում նախանձ և իրենց գործին չտիրապետող մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Չգիտեմ՝ կյանքում ինձ համար կարգախոս է, թե ոչ, բայց ինձ շատ է դուր գալիս Մարգարետ Թետչերի հետևյալ ասույթը. «Հետևի՛ր մտքիդ, այն խոսք է դառնում, հետևի՛ր խոսքիդ, այն գործ է դառնում, հետևի՛ր գործիդ, այն սովորություն է դառնում, հետևի՛ր սովորությանդ, այն բնավորություն է դառնում, հետևի՛ր բնավորությանդ, այն ճակատագիր է դառնում (ինչպես երիտասարդները կասեն՝ տիրություն արա քեզ−Հ.Վ.): Մենք այն ենք, ինչ մեր միտքն է»: Իսկապես, ամեն ինչ նախ և առաջ ծագում է մարդու մտքում և սրտում, այդ երկուսի «ժամադրավայր» հոգում, հետո նոր ստանում արտաքին դրսևորում, ուստի պիտի աշխատենք մաքուր պահել ոչ միայն մեր մարմինն ու հագուստը, այլև մեր միտքն ու հոգին…   

Ի՞նչ երբեք չեք անի:

– Որևէ մեկի ոտքի տակը չեմ քանդի, թիկունքից չեմ հարվածի (եթե հարվածելու լինեմ, կհարվածեմ ճակատից և դիպուկ), անազնիվ չեմ վարվի, թույլին անպաշտպան չեմ թողնի:

Ինչի՞ց եք վախենում:

– Ընդհանրապես համարձակ մարդ եմ, բայց, ամեն մարդու պես, ես էլ ունեմ թաքնված վախեր, ինչպես ֆիլմի հերոսը կասեր՝ “Я не трус, но я боюсь!”… Ես վախենում եմ, օրինակ, հարազատ մարդկանց կորցնելուց, նպատակներիս կիսատ մնալուց, անձնական հարաբերություններ կառուցելուց, չհասկացվածությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Թերևս ափսոսում եմ, որ «սրտի հասակ»-ում զգացմունքներիս ազատություն չեմ տվել և արդեն թևակոխում եմ «մտքի հասակ»: Թեև, մյուս կողմից, չեմ զղջում, որ հիմա այն եմ, ինչ կամ:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Իմ ցանկությունների («Ի՞նչ եմ ես ուզում») և կարողությունների («Ի՞նչ եմ ես կարող») սթափ գնահատումը, դրանց հավասարակշռումը և իհարկե հավատը Աստծո, իմ ուժերի նկատմամբ:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Կյանքում ձեռքբերումներ անշուշտ ունեմ (հավատարիմ ընկերներ, արժանավոր աշխատանք…), բայց ամենամեծ ձեռքբերումս գուցե դեռ առջևում է…

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Ճանաչես ինքդ քեզ, գտնես քո ուղին և շիտակ ու պարզճակատ, «անչար ու անաչառ» ընթանաս այդ ուղով. ոչ միայն կարևորես վերջնակետը, այլև գնահատես ընթացքը, որ ինքնին կյանքդ է:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Ամենաթանկ խորհուրդները ես ստացել եմ իմ լուսահոգի տատից: Մի օր տատս ինձ ասաց. «Է՜հ, Հաս ջան, կյանքը մի մեծ աստիճան է, որով մի օր բարձրանում ես, մի օր՝ իջնում… Հիշի՛ր, որ բարձրանալիս չարհամարհես քեզնից ներքև կանգնածին, որ իջնելիս էլ քե՛զ չարհամարհեն»:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, որ շիտակ քայլեն ուղիղ դեպի նպատակակետը. կյանքի ճանապարհին խոտոր ուղիներ չփնտրեն (փնտրողը կգտնի), որքան էլ գայթակղիչ լինի, կողքինների հետ համեմատություններ չանեն, եթե համեմատվեն, ապա միայն իրենք իրենց հետ՝ ստուգելու համար, թե ինչ էին և ինչ են դարձել: Եվ, իհարկե, այդ ճանապարհին հիշեն, որ ամեն մարդու մեջ էլ արև կա, թողնեն, որ այն լույս տա. մարդը, ի վերջո, մարդով է մարդ և իր արած գործով է անմահ…

Շնորհակալություն ուշագրավ հարցազրույցի համար:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը: