Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուշադրություն

d94c60_3a75e1a615434ded93e987cf077e9445-mv2Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ իրավիճակը և
ՀՀ կառավարության որոշումը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը
հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ Երևանի պետական
համալսարանը 2019/2020 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի հնարավոր
երկարաձգումից խուսափելու, ստեղծված պայմաններում ուսումնական գործընթացը
(առկա և հեռակա ուսուցման ձևերում) արդյունավետ կազմակերպելու և ծրագրից
հետ չմնալու համար անցնում է առցանց դասավանդման՝ օգտագործելով
տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաները:

Ուսումնական գործընթացն առցանց կազմակերպելու համար e-learning.ysu.am
հարթակում առկա է առցանց դասախոսությունների իրականացման (Webinar,
Bigbluebutton) հնարավորություն։ Գործընթացը կարող է կազմակերպվել նաև
տեղեկատվական և հեռահաղորդակցության այլ տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ուսանողների էլեկտրոնային հասցեներին կուղարկվեն կրթական ծրագրով
նախատեսված դասընթացների համապատասխան նյութերը՝ գրականության ցանկով,
քննարկվող թեմայի վերաբերյալ առանցքային հարցերով, ինչպես նաև
առաջադրանքներ՝ ուսումնական ծրագրին համապատասխան:

Կուրսային և ավարտական աշխատանքների վերաբերյալ խորհրդատվությունը
ուսանողները կարող են ստանալ իրենց գիտական ղեկավարներից ևս առցանց:
Ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները տեղի կունենան ըստ
հաստատված ժամանակացույցի:

ԵՊՀ գիտական խորհրդի քննարկմանն առաջարկ է ներկայացվել դասընթացների
գնահատումն այս պայմաններում կատարել միայն եզրափակիչ քննությունով՝
հանելով երկու միջանկյալ քննությունները (որոշման արդյունքը կհրապարակվի):
Սիրելի՛ ուսանողներ, խնդրում ենք հետևել դասախոսների
հանձնարարություններին, ամեն օր ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և
բարեխղճորեն կատարել հանձնարարված առաջադրանքները:

Հ.Գ.։ Մեկ անգամ ևս հիշեցնում և հորդորում ենք՝ անվերապահորեն հետևել ՀՀ ԱՆ
խորհուրդներին և նվազագույնի հասցնել անմիջական շփումները:

Աղբյուրը՝ ysu.am: