Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ

1. գլխավոր

  2020թ. օգոստոսի 3-5-ին տեղի ունեցավ ԱրՊՀ հանրային նշանակության միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանի այցը ՀՀ Տավուշի մարզ:

Այցելության հիմնական նպատակն էր ուսանողության կողմից տրամադրված նվերների ու ծանրոցների փոխանցումը սահմանամերձ Այգեպար գյուղի՝ հակառակորդի հրետակոծությունից ավերված և նոր վերանորոգված մանկապարտեզի սաներին:

Հիշեցնենք, որ ուսանողական նախաձեռնությունը մեկնարկել էր հուլիսի 17-ին և կյանքի կոչվել ԱրՊՀ ուսանողական խորհրդի, ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի ու ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ակտիվ համագործակցությամբ:

Օգոստոսի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները դիմավորեցին Վ.Գալոյանին՝ նրա հետ քննարկելով այս և համատեղ այլ ծրագեր իրականացնելու հնարավորություններն ու դրանց կարևորությունը:

Օգոստոսի 4-ին ուսանողների տրամադրած նվերները Վահե Գալոյանը ԵՊՀ ԻՄուսանողական խորհրդի աջակցությամբ փոխանցեց Այգեպար գյուղի մանկապարտեզի սաներին՝ մանուկներին ժպիտ ու բերկրանք պարգևելով:   

Նույն օրը կայացավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և ուսանողների հանդիպումը ԱրՊՀ ներկայացուցչի հետ: Հանդիպման ընթացքում Վ.Գալոյանը պարոն Մակարյանին նվիրեց ԱրՊՀ ռեկտոր Ա.Սարգսյանի հեղինակած «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները, քննարկվեցին երկու բուհերի՝ ԵՊՀ ԻՄ-ի և ԱրՊՀ-ի միջև համագործակցության խորացմանն ուղղված ծրագրերի հեռանկարները:

«Նախաձեռնությունը ևս մեկ առիթ էր ԱրՊՀ–ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ բուհերի միջև առկա համագործակցությունը խթանելու և համատեղ ծրագրեր մշակելու համար։ Համատեղ այցով լինելով Այգեպար համայնքում՝ տեղեկացրել ենք, որ ուսանողների կողմից բարի կամքի դրսևորմամբ նպատակ ենք հետապնդել ժպիտներ պարգևել անմեղ երեխաներին և հավաստիացնել, որ ցանկացած պարագայում նրանց կողքին ենք և թև ու թիկունք ենք» – ընդգծեց Վահե Գալոյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Ուսանողական խորհուրդը ողջունում ու կարևորում են ուսանողական այս նախաձեռնության իրականացումը, որը հնարավորություն տվեց համավարակային կանոնների պահպանմամբ ուրախություն պարգևել փոքրիկներին: