Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեցին ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2020թ. ընդունելության քննությունները

1. գլխավոր

Հոկտեմբերի 14-15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին հեռակա ուսուցման՝ 2020թ. ընդունելության ներբուհական քննությունները:

Սեպտեմբերի 10-30-ը մասնաճյուղում և առցանց եղանակով լրացված դիմում-հայտերի համաձայն՝ «Մաթեմատիկա», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն առարկաներից ներբուհական քնննություններ պետք է հանձներ 134 դիմորդ, որոնցից 22-ը չի ներկայացել մարտական հերթապահության մասնակցելու պատճառով:

Քննություններից առաջ և ընթացքում, ելնելով ստեղծված պայմաններից, մասնաճյուղում կատարվել են ախտահանման աշխատանքներ՝ պահպանելով պարետի կարգադրությունները: Աշխա­տակազմը և քննությանը սպասող դիմորդները մուտք են գործել քննասենյակ միայն ջերմաչափումից և ձեռքերի ախտահանումից հետո: Բարձր ջերմություն ունեցողներ չեն գրանցվել:

Քննասենյակում դիմորդներն իրենց տեղերն ընտրել են վիճակահանությամբ: Քննական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով քննասենյակում տեղադրված էր տեսախցիկ, որը հնարավորություն էր տալիս դրսում գտնվող մեծ էկրանի միջոցով հետևելու քննությանը:

2020թ․ ընդունելության կանոնների համաձայն՝ դիմորդները հանձնել են միայն մեկ՝ մասնագիտական առարկայի քննություն:

Քննության արդյունքներին դիմորդները տեղեկացվել են քննությունը հանձնելու հաջորդ օրը․ ժամը 10:00-ին արդյունքները փակցվել են ԵՊՀ ԻՄ-ի ընդունող հանձնաժողովի մուտքի մոտ, ինչպես նաև դրանք հրապարակվել են մասնաճյուղի պաշտոնական կայքում՝ «Դիմորդ» բաժնի Հեռակա ուսուցման «Ընդունելության արդյունքները» էջում:

«Մաթեմատիկա» առարկայի քննության համար հայտագրված 32 դիմորդից 4-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 11 դիմորդ:

«Պատմություն» առարկայի քննության համար հայտագրված 26 դիմորդից 9-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 15 դիմորդ:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության համար հայտագրված 76 դիմորդից 9-ը չի ներկայացել, դրական շեմը հաղթահարել է 51 դիմորդ:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև սթ հոկտեմբերի 22-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատումից հետո։