Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է

2. students

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք ձեզ՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ենք ամենայն բարիք, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ, կյանքում, բոլոր նախաձեռնություններում, ձեր երիտասարդական ավյունը, գիտելիքներն ու կարողությունները մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին ծառայեցնելու կամք և նպատակասլացություն… Հիրավի, նոյեմբերի 17-ը՝ Ուսանողության միջազգային օրը, տոն է, որով ևս մեկ անգամ ընդգծվում է այն խոր գիտակցությունը, որ դու՛ք՝ երիտասարդներդ եք հասարակության շարժիչ ուժն ու երկրի վաղվա օրվա կերտողը…

 

Տոնի նախապատմությունը

 

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

 

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության։

 

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: