Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

2017թ․ նոյեմբերի 17-18-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում առաջին անգամ անցկացվեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով հանրապետական համաժողովը:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Ներկա էին տեխնոլոգիական կրթությամբ, ճարտարագիտության, ծրագրավորման և նորարար ոլորտներով հետաքրքրված ավելի քան 150 երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, մարզպետներ, նախարարությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Վլադիմիր Ներսիսյանը, Վահե Դավթյանը և 3-րդ կուրսի ուսանող Սարիբեկ Սարիբեկյանը։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Համաժողովի նպատակն էր ներկայացնել Շիրակի մարզի հաջողված փորձը և մոտիվացնել մարզերի երիտասարդներին, բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, նպաստել ՀՀ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների, աշխատանքային շուկայի զարգացմանը և ընդլայնմանը։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն և ԵՄ համագործակցության բաժնի պետ Հոա-Բին Աճեմյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և «Թվային Նուռ» ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև ստորագրվեց հուշագիր՝ ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:

Առաջին օրը տեղի ունեցան պրեզենտացիաների ուղեկցությամբ թեմատիկ քննարկումներ:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ռազմավարական ուղղությունները, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը խոսեց մարզերում զբոսաշրջության խթանմանն ուղղված նորարարությունների մասին, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչները, միջազգային փորձագետները խոսեցին ազատ տնտեսական գոտիների, բիզնես միջավայրին աջակցության և բիզնես մտածելակերպի խթանման մասին։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Գյումրիի կրթական հաստատությունների ներկայացուցիչները և «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն ներկայացրին կրթության ոլորտում բարեփոխումների, տարածաշրջանային առանձնահատկություններին, աշխատաշուկայի պահանջարկին կրթական ծրագրերի համապատասխանեցման և բիզնեսի ու կրթական հաստատությունների համագործակցության մասին։

Մարզերի թիմերին տրվեց առաջադրանք ներկայացնել հիմնավորում, թե ինչու պիտի ՏՏ միջազգային ընկերությունները մասնաճյուղեր բացեն հենց տվյալ մարզում, և ստեղծվեն տեխնոլոգիական կենտրոններ։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Տավուշի մարզի 15 հոգանոց թիմի տեսակետը ներկայացրեց Սլավիկ Ալավերդյանը։ Նա նշեց, որ մարզը սահմանամերձ է, ունի շուրջ 50 հազար երիտասարդ, որոնց մեծ մասն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և ցանկանում է մնալ մարզում։ Տավուշի մարզում գործում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ԹՈՒՄՈ կենտրոնը, UWC Դիլիջան միջազգային քոլեջը, առաջիններից մեկը Տավուշում է սկսել գործել «Կրթություն Հայաստան» ծրագիրը, վերջերս հիմնադրվել են «Վեկտր» և «Ստորմ» ծրագրավորման ընկերությունները։ Մարզն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր ոլորտ հանդիսացող տուրիզմի մեծ պոտենցիալ, որի զարգացման համար ընդամենը 2 շաբաթ առաջ բացվել է «Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն»-ը։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Միջազգային փորձագիտական խմբի կողմից ներկայացումը գնահատվեց որպես 2-րդ լավագույն ներկայացում։

1-ինը Սյունիքի, իսկ 3-րդը Գեղարքունիքի մարզի ներկայացումներն էին։

Օրվա վերջում համաժողովի մասնակիցների համար Գյուրիի «Սև բերդ»-ում տեղի ունեցավ ընթրիք և համերգ՝ DJ Smoke-ի մասնակցությամբ։

Երկրորդ օրը համաժողովի աշխատանքները շարունակվեցին հետաքրքիր սեմինարներով և թիմային աշխատանքներով՝ միջազգային փորձագետների մատուցմամբ։ Միաժամանակ ընթանում էին 2 սեմինարներ։ Մասնակիցները իրենց ցանկությամբ էին ընտրում, թե որ սեմինարին մասնակցեն։

«Համայնքային զարգացման նորարարական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Երզնկանյանը ներկայացրեց ՀԿ-ի և մասնավորապես Ամասիայում ստեղծված 3D մոդելավորաման և միկրոինժեներիայի լաբորատորիայի գործունեությունը։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի միջազգային փորձագետ Չուս Լոզանոն ներկայացրեց գործարարի իր մեծ փորձը, ձախողումները և հաջողությունները և այն կարևոր պայմանները, որոնց պետք է բավարարի բիզնես գաղափարը, որպեսզի հաջողվի։ Մասնակիցները տվեցին իրենց հարցերը, ներկայացրին իրենց գաղափարները և ստացան խորհուրդներ։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

 

Թոդ Ֆաբաքերը և «Թվային Նուռ» ընկերության թիմի անդամները խոսեցին Տուրիզմում տեխնոլոգիական գործիքների, կայքերի, բջջային հավելվածների անհրաժեշտության մասին։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Staff.am կայքի հիմնադիր տնօրեն Լուիզա Ավետիսյանը ներկայացրեց ինքնակենսագրական և ներկայացուցչական նամակ պատրաստելու արվեստը, որը հատկապես օգտակար եղավ ուսանողներին և աշխատանք չունեցողներին։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Րաֆֆի Նիզիբլյանը և “Deem Communications” ընկերության թիմը անցկացրին «Փոքր քաղաքների բրենդավորում» սեմինարը։ Ներկայացվեցին արտասահմանյան և հայաստանյան տարբեր բնակավայրերի բրենդավորման օրինակներ, ապա մասնակիցները բաժանվեցին 5 թիմերի և փորձեցին բրենդավորել Վանաձոր, Գավառ, Իջևան, Արտաշատ և Կապան քաղաքները։ Թիմերը թվարկեցին այն ամենը, ինչ կարող է ծառայել որպես բրենդ (մշակույթ, բնություն, հայտնի մարդիկ, շինություններ, արատադրություն, բարբառ, ավանդություններ և այլն)։ Ապա ընտրեցին դրանցից մեկը և ներկայացրին, թե ինչ է անհրաժեշտ, որ այն դառնա քաղաքի իրական բրենդ։

Իջևանի համար որպես բրենդ ծառայող գործոններ նշվեցին Իջևանի գինու գործարանը, Դենդրոպարկը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, անտառը, մոտակայքում առկա վանական համալիրները (Մակարավանք, Մորո ձորո վանք և այլն), Ենոքավանի Լաստիվերը և Yell Extreme Park-ը, վերջերս տեղադրված Աշոտ Երկաթի արձանը։ Անգամ խոսվեց աղտոտված Աղստև գետը մաքրելու և աշխարհին որպես մաքրված գետ ունեցող քաղաք ներկայանալու հեռանկարային առաջարկի մասին։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում

Որպես քաղաքի բրենդ ընտրվեց «Ուսանողական քաղաքի» տարբերակը, որի համար անհրաժեշտ է զարգացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, խորացնել կապերը այլ մարզերի և արտերկրի հետ, ստեղծել ուսանողական հանրակացարաններ, գիտահետազոտական կենտրոններ, ուսանողական պուրակ և ժամանցի կենտրոններ։

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի տեխնիկական փորձագետ Պիեր Պրիուչը և ՁԻՀ ծրագրի ղեկավար Ջուլիա Թումասյանը անցկացրին «Դիզայներական մտածողություն» սեմինարը։

 

Փակման խոսքով հանդես եկավ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը։ Նա հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ երկօրյա համաժողովում ստացած գիտելիքները և փորձը օգտակար կլինեն յուրաքանչյուրին իր մարզում զարգացում ապահովելու համար և նշեց, որ համաժողովը կլինի ամենամյա։

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ՏՏ հանրապետական համաժողովում