Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և «LT Coding» տեխնոլոգիական ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

1. գլխավոր 2023թ. հունվարի 17-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «LT Coding» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Լիանա Ծատուրյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:

Մինչև հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ երկկողմ համագործակցության ծրագրերին ու հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցեց նաև ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը:

Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հետևյալ ուղղություններով.

  • ուսանողների պրակտիկաների կազմակերպում և անցկացում,
  • ԵՊՀԻՄ-ի ուսանողների ներառումը ՍՊԸ կադրային բազայում,
  • ուսանողների մասնակցությամբ կլոր սեղանների, թեմատիկ քննարկումների կազմակերպում,
  • համատեղ ծրագրերի իրականացում,
  • ԵՊՀ ԻՄ-ի և ՍՊԸ գործունեության լուսաբանման նպաստում,
  • ծրագրերի իրականացմանն ուղղված երիտասարդների հավաքագրմանը, տեխնիկական միջոցների տրամադրմանը, տեղեկատվության տարածմանը աջակցում,
  • հուշագրի շրջանակներում այլ գործողությունների իրականացում:

 

Ընկերության տնօրեն Լիանա Ծատուրյանը, ով նաև ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ է և Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի հրավիրված դասախոս, մեզ հետ զրույցում նշեց, որ «LT Coding»-ը Իջևանում գործող նորաստեղծ հայկական տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, որը նորարար լուծումներ է առաջարկում միջազգային և տեղական շուկաներում:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2021թ․ մոտիվացված պրոֆեսիոնալների փոքր թիմով՝ իր առջև խնդիր դնելով անհատական գիտելիքներն ու փորձը վերածել թիմայինի: Նշանակալի փաստ է, որ ընկերության ղեկավարը և թիմի լավագույն անդամները ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտները և ուսանողներն են:

Ընկերության առաջնային նպատակներից է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացմանը մասնակցություն բերելը: Մյուս առաջնահերթությունը համընդհանուր տեխնոլոգիական կիրառականություն ունեցող արտադրանքների ստեղծումն է՝ արդի աշխարհի ու հասարակության պահանջներին համահունչ: