Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

2017թ. հոկտեմբերի 18-ին՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի կազմավորման 25-րդ տարեդարձի և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի նահատակության օրվա առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դաս, որը կազմակերպել էին մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

Միջոցառման նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին և աշխատակիցներին ներկայացնել Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նորայր Դանիելյանի կյանքը և հայրենանվեր գործունեությունը:

Բաց դասը վարեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, «Լեգենդար հրամանատարը» գրքույկի համահեղինակ Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհանդեսի ուղեկցությամբ նախ ներկայացրեց լեգենդար հրամանատարի կյանքն ու գործունեությունը, ապա ցուցադրեց 1993թ. մարտի վերջին Քարվաճառի ազատագրման ժամանակ նրա տված հարցազրույցներից մեկը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

Կենսագրական տվյալներից ներկայացվեց, որ Նորայր Էդուարդի Դանիելյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ (այժմ՝ Վարդաձոր) գյուղում:

Փայլուն ավարտելով հայրենի գյուղի 8-ամյա, այնուհետև հարևան Ներքին Հոռաթաղ գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1984թ. ընդունվում է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ՝ «Ընդհանուր տեխնիկական առարկաներ և ֆիզիկա» բաժինը:

1985-1987թթ. ծառայում է ԽՍՀՄ բանակում:

1990թ. գարնանը կցվում է ընդհատակյա զինված պայքարին, 1990թ. ամռանը Մարտակերտի շրջանի հարթավայրային մասում տեղակայված Ջանյաթաղի (այժմ՝ Ճանկաթաղ) դաշտային կայանը վեր է ածում ռազմականացված բնակավայրի, որը անվանակոչվում է «Քաջավան»: Գյուղի ստեղծման 100-րդ օրը` 1990թ. հոկտեմբերի 24-ին, անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով առավոտյան ժամը 04:30-ի սահմաններում ՊԱԿ-ի հատուկ զորքերը շրջապատում են գյուղը:

Մեկ ամիս հետո Նորայր Դանիելյանին իր ընկերների հետ մեղադրանք է առաջադրվում բանտիտիզմի, իշխանության մարմիններին զինված դիմադրություն ցուցաբերելու և ազգամիջյան կրքերի բորբոքման, անօրեն զենք կրելու համար: Նրանց 4 ամիս պահում են Շուշիի բանտում, այնուհետեւ 1991թ. մարտի 19-ին ուղղաթիռով տեղափոխում են Բաքվի բանտեր: 1991թ. հոկտեմբերին Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից Նորայրը դատապարտվում է 10 տարվա, իսկ ընկերները՝ 6-10 տարվա ազատազրկման:

1992թ. ապրիլի 11-ին խմբի 6 տղաները փոխանակվում են ադրբեջանցի ռազմագերիների հետ և շարունակում Արցախի անկախության համար մղվող զինված պայքարը:

Մեկ ամիս անց՝ Ստեփանակերտից ջոկատի համար զենք տեղափոխելիս, նրա մեքենան պայթում է հակատանկային ականի վրա. նա ծանր վիրավորվում է, բայց ապաքինվելուց հետո կրկին շարունակում զինված պայքարը:

1992թ. հունիս-օգոստոս ամիսներին հակառակորդին հաջողվում է Կիրավոբադում տեղակայված խորհրդային (ռուսական) 4-րդ բանակի զորամասերի օգնությամբ զավթել Շահումյանի շրջանը, այնուհետև Մարտակերտի շրջանի տարածքի 90%-ը: Հաջողվում է հակառակոդի առաջխաղացումը կասեցնել Գանձասարի վանքից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա: Գյուլաթաղի ջոկատի հրամանատարի զոհվելուց հետո Նորայր Դանիելյանը ընտրվում է ջոկատի հրամանատար: Օգոստոսի 29-ին Նորայրը Դանիելյանը կրկին վիրավորվում է Մեհմանա գյուղի մոտ ու ծանր վիճակում տեղափոխվում Երևան:

1992թ. հոկտեմբերին որոշում է կայացվում կազմավորել Մարտակերտի պաշտպանական շրջան և առաջին հրամանատար է նշանակվում Նորայր Դանիելյանը, ով այդ ժամանակ դեռ գտնվում էր բուժման մեջ:

1993թ. փետրվարի 5-25-ը գնդի ստորաբաժանումները օգնության եկած ուժերի հետ միասին ազատագրում են Հաթերքի ենթաշրջանի 15 բնակավայրեր, hսկողության տակ են  վերցվում Մարտակերտ-Քարվաճառ ճանապարհը, Սարսանգ ՀԷԿ-ը:

Նույն թ. մարտի 27-ին սկսվում է պատմական Քարվաճառի շրջանի ազատագրման գործողությունը: Մարտակերտի, Ստեփանակերտի, Մարտունու գնդերի և մի քանի ջոկատների հաջողվում է մի քանի օրվա ընթացքում ազատագրել շրջանը:

Ապրիլի 5-ին զորամասի ստորաբաժանումները արդեն դիրքավորված էին Օմարի լեռնացքում՝ ծովի մակարդակից 3400 մետր բարձրության վրա: Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ ստորաբաժանումները մայիս-հուլիս ամիսներին ազատագրում են Մարտակերտի շրջանի հարթավայրային մասը:

Կայացավ «Նորայր Դանիելյան: Լեգենդար հրամանատարը»  խորագրով բաց դասը

1993թ. Նորայր Դանիելյանն ընտրվում է ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Օգոստոսի 1-ին 26-ամյա հրամանատար Նորայր Դանիելյանն արժանանում է փոխգնդապետի կոչման:

1993թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը գնդի 150 մարտիկներ Նորայր Դանիելյանի ղեկավարությամբ մասնակցում են նախկին Կուբաթլուի շրջանի ազատագրմանը` օգոստոսի 31-ին՝ կեսօրից հետո, առաջինը մտնելով ք.Կուբաթլու (այժմ՝ Որոտան):

1993թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ստեփանակերտից Դրմբոն վերադառնալու ճանապարհին՝ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի մոտակայքում, մինչ օրս չբացահայտված հանգամանքներում դավադրաբար սպանվում է լեգենդար հրամանատարը:

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով «Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար» Նորայր Դանիելյանը հետմահու արժանանում է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Նրա անունն են կրում ծննդավայր Վարդաձորի և իր կողմից ազատագրված Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Զուար գյուղի միջնակարգ դպրոցները, Մարտակերտ քաղաքի փողոցներից մեկը:

Բաց դասը եզրափակվեց 1993թ. մարտի վերջին՝ Քարվաճառի ազատագրման ժամանակ, լեգենդար հրամանատարի տված հարցազրույցներից մեկով: