Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համալսարանականները մասնակցեցին «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացին

IMG_0228-16-11-18-11-47

 2018թ. նոյեմբերի 15-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթաց, որը վարում էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը և լրագրության խմբի ուսանողները:

Դասընթացի նպատակն էր ներկայացնել ՀՀ կողմից ընդունված տեղեկատվության ազատության միջազգային նորմերը:

«Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացի ժամանակ մասնավորապես ներկայացվեց, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունի: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից:

Ընդգծվեց, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Նշվեց, որ  ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 15-ից:

Ներկայացվեց, որ տեղեկատվությունը լինում է պրոակտիվ և ռեակտիվ հրապարակումով, և թե ովքեր են տեղեկատվության տնօրինողները:

 Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում: