Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՏՄՄ» 3-րդ կուրսի ուսանողները մանկավարժական պասիվ պրակտիկա են անցնում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում

glxavor

 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում (սկսած սեպտեմբերի 13-ից) Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մանկավարժական պասիվ պրակտիկան:

Պրակտիկայի նպատակը ուսանողների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումն է, մասնագիտական և կազմակերպչական կարողությունների ձեռքբերումը կոնկրետ գործունեության ընթացքում, ինչպես նաև ուսումնական նախագծերի, ինքնուրույն հետազոտական աշխատանքների համար ուսումնական ռեսուրսների հավաքագրումն ու ընդհանրացումը:

Մանկավարժական  պրակտիկայի ընթացքում պրակտիկանտների խնդիրը դասապրոցեսներն  ավելի  արդյունավետ  իրականացնելու միջոցների բացահայտումն է: 

Ուսանողները սովորում են գնահատել դասապրոցեսում հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները, վերհանել աշակերտների ուսումնառության ընթացքում առաջացող դժվարությունները, փորձում են իրենց յուրացրած մանկավարժական մեթոդները կիրառել գործնական խնդիրների լուծման ժամանակ:

Դպրոց գնալուց առաջ և պրակտիկայի ընթացքում  ուսանողները  հանդիպումներ  են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Լ.Հարությունյանի և   պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցում են բոլոր դասերին, գրում դասապլան, մեկնաբանում ուսուցչի կատարած մեթոդական հնարները: Բանիմաց և հմուտ դասվարներն իրենց փորձը ներկայացնում են ուսանողներին, նրանց նախապատրաստում դաս վարելուն:

Ուսանողները պրակտիկայի շրջանակներում նաև հանդիպել են դպրոցի  ուսումնական գծով փոխտնօրենի հետ: Դասավանդողի երկարամյա փորձ ունեցող մանկավարժը, զրուցելով պրակտիկանտների հետ, խոսել է դասավանդման գործընթացում առկա խնդիրների, ներկայիս աշակերտին հուզող հարցերի, ինչպես ուսումնառության, այնպես էլ հոգեբանական անհրաժեշտ մեթոդական բաղկացուցիչների մասին:

Պրակտիկայի  ընթացքում  ուսանողները  ձեռք են բերում դասը վարելու  մեթոդների, միջոցների, տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքներ, որոնք  մանկավարժական  հետագա  առաջնթացի  ու  կատարելագործման հնարավորություն  կտան:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: