Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրապարակվել է ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունը

published-2017

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի  «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրակտիկանտուսանողների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2017-18 ուստարվա հարցման արդյունքները և դրանց վերլուծությունը:

Մասնաճյուղի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տա­լիս արտաքին շահակից­ների շրջանում պարբերական սոցիալական հարցում­ներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձա­գանքել աշխատաշուկայի պա­հանջ­ների դինամիկային: Այդ հարցումները սկսվել են 2011 թվականից, և մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի պատասխանատուների կողմից անցկացվում են յուրաքանչյուր տարի:

Վերջին հարցումն անց է կացվել 2017-18 ուստարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների ժամանակ։ Ուսումնական տարվա ընթացքում՝

  • Արտադրական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Հոգեբանություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստարային գործ», «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առկա ուսուցման 98 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, Տավուշի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում, մարզի հյուրանոցներում և սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնում, Իջևանի արվեստի դպրոցում։
  • Մանկավարժական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների առկա ուսուցման 75 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել Տավուշի մարզի դպրոցներում։
  • Ուսումնական պրակտիկային մասնակցել են «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստարային գործ», «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առկա ուսուցման 80 ուսանողներ, որոնք իրենց պրակտիկան անց են կացրել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, մարզի սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական և հասարակական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, Իջևանի արվեստի դպրոցում։

Նույն վայրերում 2 կամ 4 շաբաթ տևողությամբ արտադրական, ուսումնական և մանկավարժական պրակտիկաներ են անցկացրել հեռակա ուսուցման 1-ինից 5-րդ կուրսի 357 ուսանողներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսանողները պրակտիկայի վայրեր այցելել են խմբերով, այն, որ միայն արտադրական և մանկավարժական պրակտիկաների ընթացքում են դրսևորվում պրակտիկանտների մասնագիտական որակները և չանտեսելով նաև կազմակերպման ընթացքում ծագած որոշ խնդիրները՝ ընդհանուր առմամբ հարցաթերթ տրվել է 33 արտաքին շահակիցների: Հարցման ժամանակ արտաքին շահակիցները գնահատել են մասնաճյուղի ուսանող-պրակտիկանտների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական խոսքը, ժամանակակից մեթոդներ կիրառելու հմտությունները, վարվեցողությունը, թիմում աշխատելու հմտությունները, նշել են պրակտիկանտների՝ ուշադրության արժանի  մասնագիտական  առավելությունները, կատարել առաջարկներ:

Ըստ պրակտիկանտ-ուսանողների վերաբերյալ 2017-18 ուստարվա հարցման արդյունքների՝ շահակիցների կողմից բարձր են գնահատվել պրակտիկանտների տեսական գիտելիքների իմացությունը (հարցվողների 84.9%-ը գնահատել է գերազանց (36,4%) ու լավ (48,5%), գործնական հմտությունները՝ 87,9% (գերազանց՝ 36,4%, լավ՝ 51,5%) և մասնագիտական խոսքը՝ 81,8%  (գերազանց՝ 39,4%, լավ՝ 42,4%):