Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Համագործակցության վերաբերյալ առցանց հանդիպում Ղրիմի դաշնային համալսարանի հետ

1. գլխավոր 

 Գյումրիի ռուսական տան հետ համատեղ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. հունվարի 18-ին կայացավ գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ առցանց հանդիպում:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հանդիպմանը մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, գիտական քարտուղար Մհեր Աթոյանը, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանը, նույն ամբիոնի դոցենտ, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մարատ Զուրաբյանը: Հանդիպմանը Գյումրիի ռուսական տան ներկայացուցիչն էր ռուսաց լեզվի և բարձրագույն կրթության առաջատար մասնագետ Սվետլանա Կարենի Հովհաննիսյանը:

Ղրիմի դաշնային համալսարանը ներկայացնում էին Ուսումնամեթոդական վարչության կրթական գործունեության բաժնի վարիչ Նատալյա Օլեգի Սիմագինան և նույն վարչության կրթական գործունեության մեթոդական աջակցության և որակի վերահսկման բաժնի վարիչ Եվգենյա Նիկոլայի Կուչերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ելույթ ունեցան Ն.Սիմագինան, Ս.Հովհաննիսյանը, Ս.Մինասյանը և Մ.Զուրաբյանը:

Առցանց հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին փոխհամագործակցել հետևյալ ուղղություններով.

  • կրթական նախագծերի մշակում, պրոֆեսորադասախոսական կազմի ակադեմիական փոխանակումների կազմակերպում, օտարերկրյա նորարարական փորձի ուսումնասիրություն,
  • համատեղ միջազգային ծրագրերի մշակում, համատեղ հոդվածների, մենագրությունների, ձեռնարկների հրատարակում, գիտաժողովների, սեմինարների, բաց դասերի կազմակերպում,
  • պրակտիկայի կամ որակավորման բարձրացման նպատակով դասավանդողների, ասպիրանտների, մագիստրոսների, բակալավրի ուսանողների փոխանակում, ինչպես նաև մասնագետների փոխանակում՝ դասախոսությունների, գիտական հետազոտությունների, խորհրդատվությունների անցկացման համար,
  • տեղեկատվության և գիտական տվյալների, ուսումնամեթոդական նյութերի, հրապարակումների փոխանակում, գիտական աշխատությունների պատրաստում, գիտակրթական գրականության, մենագրությունների գրախոսում:

Առաջին համատեղ միջոցառումը կլինի ապրիլին նախատեսվող «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովի կազմակերպման աշխատանքներին Ղրիմի դաշնային համալսարանի ներկայացուցիչների ներգրավումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև սեղմ ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման և համագործակցությունը պաշտոնապես մեկնարկելու վերաբերյալ: