Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպումներ Դիլիջանի կենտրոնական դպրոցում և ֆաբլաբում

1. գլխավոր

 

 2023թ. հունվարի 19-ին «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի հրավերով մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը այցելեցին դպրոց և դպրոցին կից գործող ֆաբլաբ:

Դպրոցի և ֆաբլաբի ռեսուրսներին ծանոթացումից հետո տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը, որոնց համատեքստում առանձնակի ուշադրություն դարձվեց ֆաբլաբի հնարավորությունների օգտագործմանը մասնաճյուղի ուսանողների կողմից՝ ինքնուրույն հետազոտական և գիտական թեմաների իրականացման տեսակետից:

«Ֆաբ Լաբ» ծրագիրը, ինչպես հայտնի է, մեկնարկել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Media Lab-ում: Ֆաբլաբը (fabrication laboratory, «արտադրական» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը:

Դիլիջանի ֆաբլաբը կահավորված է համակարգչային թվային հսկողությամբ լազերային կտրող սարքերով և ֆրեզերային հաստոցներով, որոնց շնորհիվ կարելի է մշակել փայտե և ակրիլե մասեր, եռաչափ տպիչներով, վինիլային կտրիչներով, կաղապարների պատրաստանյութերով, տպման ներկերով և այլ արտադրական հարմարանքներով:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ դպրոցում տարատեսակ պրակտիկաների կազմակերպումից բացի՝ ֆաբլաբը մեր ուսանողներին և երիտասարդ գիտնականներին կտրամադրի համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կյանքի կկոչվեն նրանց մտահղացումները և գիտատեխնիկական մշակումները: Նորարարության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Դիլիջանի ֆաբլաբում իրականացվող մասնագիտական դասընթացներում կներգրավվեն նաև ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները:

Քննարկումներն ամփոփվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի կնքումով՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և գործադիր տնօրեն Նաիրա Դալուզյանի:

Կնքված հուշագրով որպես փոխհամագործակցության ուղղություններ են ընտրվել՝

  • ուսանողների պրակտիկաների կազմակերպումը և անցկացումը,
  • ուսանողների մասնակցությամբ կլոր սեղանների, թեմատիկ քննարկումների կազմակերպումը,
  • համատեղ ծրագրերի իրականացումը,
  • մասնաճյուղի և դպրոցի գործունեության լուսաբանման նպաստումը,
  • ծրագրերի իրականացմանն ուղղված երիտասարդների հավաքագրմանը, տեխնիկական միջոցների տրամադրմանը, տեղեկատվության տարածմանը աջակցումը,
  • ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և շրջանավարտների ներառումը դպրոցի կադրային բազայում,
  • հուշագրի շրջանակներում այլ գործողությունների իրականացումը:

Հուշագրի կնքումից հետո ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը մասնաճյուղի անունից նվիրեց Դիլիջանի կենտրոնական դպրոցին: