Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոկտեմբերի 17-ի տնօրենության նիստում

DSCN3726

  2018թ. հոկտեմբերի 17-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Նիստի ընթացքում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը, քննարկվեցին հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքներին, մասնաճյուղում սեպտեմբեր ամսվա ծախսերին և եկամուտներին, անվտանգության ապահովմանը և գրագողության դեմ միջոցառումներին, ԵՊՀ ԻՄ-ի մի քանի աշխատակիցների (մասնավորապես՝ ՄԿՊԿ բաժնի) Բերդի տարածաշրջան գործուղելուն, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրմանը և իրականացվելիք միջոցառումներին վերաբերող ու մի շարք ընթացիկ հարցեր:

Ամփոփելով 2018թ. հեռակա ուսուցման ընդունելության գործընթացը՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ընդունելության հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ա.Մարգարյանը մասնավորապես նշեց, որ 2018թ. օգոստոսի 27-ից սեպտեմբերի 25-ը (նախատեսված էր մինչև սեպտեմբերի 20-ը, 5 օրով երկարաձգվել է) ԵՊՀ ԻՄ-ում իրականացվել է հեռակա ուսուցման համակարգի դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ դիմել է 133 դիմորդ՝ 7 (Տարրական մանկավարժություն և մեթոդիկա, Պատմություն, Ֆինանսներ (ըստ ոլորտի), Հոգեբանություն, Բնապահպանություն և բնօգտագործում, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, Զբոսաշրջություն) մասնագիտությունների գծով: Ընդունելության քննություններից առաջ ԵՊՀ ԻՄ-ի առաջատար դասախոսները յուրաքանչյուր առարկայից իրականացրել են անվճար խորհրդատվություններ: Ընդունելության քննությունների դրական նվազագույն միավորի շեմը 133 դիմորդից հաղթահարել է 40-ը, որը, իհարկե, գոհացնող չէ:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2018-19 ուստարվա առաջին կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը նշեց, որ կազմվում են բոլոր մասնագիտությունների գծով դասացուցակները, հստակեցվում է ողջ լսարանային ֆոնդը, իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ 2018-19 ուստարին պատշաճ դիմավորելու համար: Պարոն Ցուցուլյանը ֆակուլտետների դեկաններին և Հեռակա ուսուցման բաժնի վարիչին հանձնարարեց հետևողական լինել, որ ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները Հեռակա ուսուցման բաժնի հետ ակտիվորեն համագործակցեն դասապրոցեսի կազմակերպմանը վերաբերող հարցերում:

Բուհի մի քանի աշխատակիցների Բերդի տարածաշրջան գործուղելու հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության կրթական ծրագերի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 16-ին մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ հանդիպում են իրականացրել Բերդի տարածաշրջանի 11 դպրոցների թվով 194 աշակերտների հետ: Այցելությունը նպատակ ուներ 12-րդ  դասարանցիներին ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտությունները, ընդունելության քննություններում կատարված փոփոխություններն ու առաջարկվող նորությունները:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուստարվա գրադարանային ֆոնդի համալրման գործընթացի, ամբիոնների վարիչների կողմից իրենց ամբիոնների ուսումնական գրականության պահանջագրերը գրադարան ներկայացնելու վերաբերյալ զեկուցեց մասնաճյուղի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը և հավաստիացրեց, որ առաջիկայում գրադարանի կողմից իրականացվելիք միջոցառումները կկազմակերպվեն հաճախակի և կկրեն պարբերական բնույթ: