Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթը, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված  18-ից 23 տարեկան  երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության  դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցում։
Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «Ինչպե՞ս եք պատկերացնում  մեր մոլորակի ապագան» հարցին:
Մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չեն։
Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)։ Աշխատանքները պետք է ներկայացվեն  մինչև 2013թ-ի ապրիլի 15-ը։
Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի  դասընթաց  Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի  դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ  մրցանակներ։
Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի կայքէջում` www.crefeco.org, էլ. փոստ info@crefeco.org:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն (ՖՄԿ) անդամակցում է 57  պետություն և կառավարություն, ինչպես նաև 20 երկիր` դիտորդի կարգավիճակով (www.francophonie.org.):
Աղբյուրը՝ www.edu.am 

Կիրառական արվեստի ֆակուլտետում նախատեսվում է հիմնել սրբանկարչության դպրոց

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներին ու շրջանավարտներին, որ մասնաճյուղի տնօրենության և Տավուշի թեմի առաջնորդարանի համատեղ ջանքերով ֆակուլտետում նախատեսվում է հիմնել սրբանկարչության դպրոց:

Ցանկացողները մինչև 2012-2013 ուստարվա II կիսամյակի ավարտը կարող են դիմել Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհրդին:

Մասնաճյուղի ուսանողներն անցկացրին բասկետբոլի դպրոցական առաջնություն

2013թ. մարտի 16-19-ը Իջևան քաղաքում տեղի ունեցավ բասկետբոլի (աղջիկներ) դպրոցական առաջնություն, որը կազմակերպել էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ ուսանողներ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ֆինանսավորմամբ:

Նախաձեռնության նպատակն էր խթանել աղջիկների սպորտային ակտիվությունը:

Դպրոցներին տրամադրվել էին բասկետբոլի գնդակներ և տրվել էր շուրջ մեկ ամիս ժամանակ՝ առաջնությանը նախապատրաստվելու համար:

Առաջնությանը մասնակցում էին Իջևանի 5 դպրոցների (3 հիմնական, 1 ավագ, 1 վարժարան) 9-10-րդ դասարանների աշակերտուհիները: Խաղերին հետևում էին մեծ թվով երկրպագուներ:

Տեղի ունեցավ 10 խաղ: 1-ին տեղը գրավեց Իջևանի վարժարանի թիմը, 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին Իջևանի թիվ 3 և 1 հիմնական դպրոցների թիմերը:

Մրցանակաբաշխությունը կայացավ մարտի 19-ին Իջևանի մարզադահլիճում: Ներկա էին Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ, դպրոցների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին գավաթներով, իսկ թիմի անդամները` մեդալներով և պատվոգրերով: Առաջնությանը մասնակցած մյուս թիմերի (Իջևանի ավագ դպրոց, Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց) անդամները ստացան շնորհակալագրեր:

«Լավագույն խաղացող» ճանաչվեց հաղթող թիմի անդամ Դիանա Մարտիրոսյանը, «Լավագույն ավագ»` Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի ներկայացուցիչ Անի Էդիլյանը, «Լավագույն մարզիչ»` Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի մարզիչ Գառնիկ Սառիկյանը, իսկ «Ամենակազմակերպված թիմ»` Իջևանի վարժարանի թիմը:

Ի գիտություն «Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս», «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողների

«Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս», «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների 3-րդ կուրսի այն ուսանողները, ովքեր ցանկանում են արտադրական /նախաավարտական/ պրակտիկան անցնել անհատական պլանով՝ ներգրավվելով «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունները ՀՀ-ում» հետազոտական թեմայի իրականացման աշխատանքներում, մինչև մայիսի 17-ը կարող են դիմել ծրագրի ղեկավար Հ.Մարզպանյանին՝ համապատասխան ամբիոնի վարիչի համաձայնության առկայության դեպքում:

Ուսանողները մրցութային կարգով կընտրվեն  հարցազրույցով:

Պրակտիկայի անհատական պլանը կատարած ուսանողներին կտրամադրվեն բնութագիր, տեղեկանք, դաշտային աշխատանքների միջանկյալ արդյունքները:

Ուսանողների պրակտիկան կհամարվի կամավորական աշխատանքային  փորձ:

Դրամաշնորհային մրցույթում հաղթել է ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի ղեկավարած հետազոտական թիմը

2012թ. Շվեյցարիայի Ֆրայբուրգի համալսարանի հետազոտությունների կովկասյան ցանցի կենտրոնի կողմից հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ՝ Վրաստանի և Հայաստանի ակադեմիական հետազոտությունների խթանման նպատակով:

Մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանի  ղեկավարած հետազոտական թիմը (տ.գ.թ. Գ.Սիրոյան, սոց. թեկն., դոց. Ս.Աստվածատուրով, տեխն գիտ. թեկն. Ռ.Մարկոսյան, սոցիալական քաղաքականության մագիստրոս Ա.Ուդումյան, տեխն. աշխատող Ա.Բաղդասարյան):

Ընդհանուր 48 հայտից ընդունվել և ֆինանսավորվել է 7-ը (4-ը՝ Վրաստանից,  3-ը՝ Հայաստանից):

Այդ երեք հայտերից մեկը պատկանում է Հ.Մարզպանյանի  ղեկավարած թիմին, որի հետազոտական ծրագրի թեման է՝ «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունները ՀՀ-ում»:

Ծրագիրը մեկնարկել է 2012թ. հոկեմբերի 1-ից և նախատեսված է 2 տարվա համար: Ավարտին է մոտենում ծրագրի առաջին փուլը, որի ընթացքում իրականացվել է մասնագիտական գրականության վերլուծություն, հետազոտությունների արդյունքների հավաքում, մշակում, խմբավորում, ամփոփում, որոշ հայեցակարգային հարցադրումների ու մոտեցումների հստակեցում, վարկածների առաջքաշում: Այս փուլում հրատարակվել է երկու հոդված, որոնցից մեկը՝ Մոսկվայում, իսկ 3-րդ հոդվածն ընթացքի մեջ է:

2-րդ փուլն սկսվելու է ապրիլից և հիմնականում ընդգրկելու է դաշտային աշախատանքներ (սոցհարցումների անցկացում, որակական հարցազրույցներ նեղ մասնագետների հետ, ֆոկուս-խմբեր,  կլոր սեղանների, քննարկումների կազմակերպում և այլն): Դաշտային աշխատանքների հարցումների համար որպես թիրախային մարզեր ընտրվել են Տավուշը, Սյունիքը և Երևանը:

Այս աշխատանքներում նախատեսվում է ներգրավել նաև առաջադեմ ուսանողների, ովքեր իրենց նախաավարտական պրակտիկան կանցնեն իրականացվող հետազոտության շրջանակում, իսկ ստսցված արդյուքները կարող են օգտագործել  կուրսային, ավարտական աշխատանքներում,  ՈՒԳԸ գիտաժողովներում և այլն:

2-րդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել ամփոփում, համեմատություններ, թարգմանություններ, հրատարակումներ, քննակումներ, շնորհնադեսներ: