Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սրբազանը այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2013թ. մարտի 17-ին Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ սրբազանը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր, կաթողիկոսի առաջնորդարանում աշխատող Անդրեյ Անտոնյանը այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետ:

Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողների, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Նախ մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց Սրբազանի այցելության առաքելությունը, «Կիրառական արվեստ» մասնագիտության առանձնահատկությունները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Սրբազանը, նշեց, որ նպատակ ունի Կիրառական արվեստի ֆակուլտետի նկարչական ձիրքով օժտված և գեղանկարչությունից ակադեմիական գիտելիքներ ունեցող ուսանողներից ստեղծել խումբ և հիմնադրել սրբանկարչության դպրոց: Նա հայտնեց, որ կկազմակերպվեն դասախոսություններ, որոնք կօգնեն ուսանողներին կողմնորոշվելու հարցում:

Սրբանկարիչ Անդրեյ Անտոնյանը եղավ ֆակուլտետի 4 արվեստանոցներում     (3-ը` տեքստիլ բաժնի, 1-ը` գծանկարչության): Նա ծանոթացավ նախկին շրջանավարտների ավարտական աշխատանքների և 2012-2013 ուստարվա 4-րդ կուրսեցիների ավարտական աշխատանքների նախագծերի հետ: Անդրեյ Անտոնյանի և ավարտական աշխատանքների ղեկավարների միջև ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

Մասնաճյուղն անցկացրեց դպրոցական օլիմպիադան

2013թ. մարտի 16-ին ԵՊՀ-Ի ՄԿՄԿ վարչության կողմից հանրակրթական բոլոր առարկաներից կազմակերպվեց օլիմպիադա, որի նպատակն էր շնորհալի և ստեղծագործական կարողություն ունեցող երեխաների հայտնաբերումը,  նրանց հետ  անհատական աշխատանքի կազմակերպումը, ինչպես նաև ուսումնական առարկաների  նկատմամբ սովորողների հետաքրքրությունների զարգացումը:

Տավուշի մարզի  ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանների  աշակերտները օլիմպիադային մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ում, որտեղ այդ աշխատանքներն իրականացրեց մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման  բաժինը:

Ժամը 10:30-ին ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի տնօրեն Ս. Առաքելյանի հանդիպումը օլիմպիադայի մասնակիցների հետ: Նրանց նախ ողջունեց ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ. Չոբանյանը, ապա խոսքը փոխանցեց տնօրեն Ս.Առաքելյանին:

Դպրոց-համալսարան կապի ամրապնդման, համալսարանական կյանքին նախապատրաստվելու իմաստով տնօրենը կարևորեց օլիմպիադայի անցկացումը համալսարանում, աշակերտներին կոչ արեց լավ սովորել: «Թո´ղ աշխատասիրությունը լինի կյանքում հաստատվելու ձեր գրավականը»,- մասնավորապես նշեց նա:

Օլիմպիադային հատկացվեց 4 ժամ: Հանրակրթական 12 առարկաներից օլիմպիադային մասնակցեցին Տավուշի մարզի ավագ և միջնակարգ 58 դպրոցներից 29-ը` 232 աշակերտներով:

Արդյունքների ամփոփումը և օլիմպիադայի պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 5-ին:

Արդյունքների մասին կարող եք տեղեկանալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքի (ijevan.ysu.am) միջոցով:

Բաց դաս անցկացրեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ա.գ.թ. Տիգրան Սարգսյանը

2013թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում «Սերվիսային գործունեությունը որպես պահանջմունքների բավարարման եղանակ» թեմայով բաց դաս անցկացրեց Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ա.գ.թ. Տիգրան Սարգսյանը: Ներկա էին դասախոսներ, ֆակուլտետի աշխատակիցներ և ուսանողներ:

Թեման արդիական էր և կարևոր՝ մարդկանց սոցիալ-մշակութային պահանջմունքների խորը և համակողմանի ուսումնասիրության դիտանկյունից: Այս համատեքստում վերհանվեցին «կարիք», «պահանջարկ» հասկացությունները:

Տ.Սարգսյանը ներկայացրեց պահանջմունքների դասակարգման հիմնական մոտեցումները, խմբերը և տեսակները, Աբրահամ Մասլոուի և Զիգմունդ Ֆրոյդի տեսակետները պահանջմունքների վերաբերյալ:

Ընդգծվեց պահանջմունքների ուսումնասիրության դերը սերվիսի ոլորտի զարգացման և կատարելագործման տեսանկյունից:

Դասի վերջում ուսանողների և դասախոսների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Տեղի ունեցավ «Հաղթել րոպեում» ժամանցային խաղը

2013թ. մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Հաղթել րոպեում» ժամանցային խաղը, որը նախաձեռնել և կազմակերպել էր բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ, «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության III կուրսի ուսանող Արթուր Մարդանյանը:

Ներկա էին Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողները:

Խաղին մասնակցեց վեց թիմ, յուրաքանչյուր թիմի կազմում՝ վեց ուսանող:

Եզրափակիչ փուլ դուրս եկան վեցերորդ (Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա) և առաջին (Կիրառական արվեստ) թիմերը:

Հաղթեց Կիրառական արվեստի ֆակուլտետի 1-ին թիմը, որին ՈՒԽ-ի նախագահ Վարդան Եգանյանի կողմից տրվեց պատվոգիր:

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Ս.թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող ուսանողները մինչև մարտի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանին: