Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սկսվեց գրքերի նվիրատվությունը

2013թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի պատվիրակությունը եղավ Տավուշի մարզի Աղավնավանք և Խաչարձան համայնքների միջնակարգ դպրոցներում: Նպատակը վերջերս ավարտված գրքահավաքի արդյունքում հավաքագրված գրքերի տրամադրումն էր դպրոցներին:

Գրքահավաքը տեղի էր ունեցել այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, որի ընթացքում հավաքագրվել էր ավելի քան 450 գիրք, գրքույկ և ամսագիր: Բացի ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներից՝ գրքեր էին նվիրաբերել նաև մասնաճյուղի դասախոսները, մասնաճյուղի և ԵՊՀ-ի գրադարանները, ԵՊՀ-ի ուսանողական գիտական ընկերությունը, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աշխատակիցները և Իջևանի «Գալիք» կրթարանը:

Դպրոցներին տրամադրվեցին 100-ական գիրք: Մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, ուսանողական կառույցների և նրանց գործունեության մասին:

Այնուհետև ՈՒԳԸ-ի անդամներից Մելինե Մելիքյանը և Սոնա Ղևոնդյանը կարդացին զեկուցումներ դպրոցների համար:

Առաջիկայում գրքեր կտրամադրվեն ևս մի քանի գյուղերի:

Մասնաճյուղի ուսանողները կատարեցին մաքրման աշխատանքներ

2013թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղի 26 ուսանողներ կատարեցին մաքրման աշխատանքներ Իջևանում գտնվող Հայրենական պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրների տարածքներում:

Աշխատանքներն սկսվեցին Ուսանողական փողոցի վերջնամասից` Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր տանող աստիճաններից:

Հասնելով հուշահամալիր և ավարտելով աշխատանքները այդ տեղամասում՝ ուսանողները շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:

Վերջում ուսանողները եղան նաև Իջևանի պատմության թանգարանում և ծանոթացան այնտեղ պահպանվող ցուցանմուշներին:

Միացե՛ք ջահերով երթին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին կոչ են անում միանալ ՀՅԴ Իջևանի մարզային կոմիտեի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Իջևանի «Թաթուլ Կրպեյան» խմբի կողմից 2005 թվականից ամեն տարի կազմակերպվող ջահերով երթին:

Այն կսկսվի ս.թ. ապրիլի 23-ին՝ ժամը 20:00-ին, Իջևանի Շատրվանների հրապարակից:

«Երիտասարդությունը և հավատքը» թեմայով քննարկում

2013թ. ապրիլի 19-ին՝ ժամը 14:20-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա «Երիտասարդությունը և հավատքը» թեմայով քննարկում, որը կազմակեպում են «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Ներկա կլինեն Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը և Հայ Ավետարանական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Ալբերտ Փայտյանը: Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են «Ո՞վ է քրիստոնյա, իսկ ո՞վ հավատացյալ», «Որո՞նք են աղանդները», «Ո՞րն է Աստվածաշունչ կարդալու խորհուրդը» և այլն:

Մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք:

Տեղի ունեցավ մասնաճյուղային մինի ֆուտբոլի առաջնությունը

2013թ. ապրիլի 15-ին Իջևանի մարզադահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղային մինի ֆուտբոլի առաջնությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը` «ՆԻԿԱՐՄ» ֆուտբոլային ակումբի աջակցությամբ:

Մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ֆակուլտետների և հեռակա ուսուցման բաժնի թիմերը:

Առաջնությունն ընթացավ օլիմպիական մրցակարգով:

6 խաղերի արդյունքում հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը:

Լավագույն խաղացող ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանող Լևոն Չոբանյանը:

Հաղթող թիմը և լավագույն խաղացողը ստացան պատվոգրեր: