Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ՝ երիտասարդ գիտնականների համար

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ 2013թ. հայտարարում են  “Լավագույն գիտական աշխատանք” մրցույթ երիտասարդ գիտնականների/ մինչև 35 տարեկան/ համար՝  նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ ԳԱԱ “Գիտության զարգացման հիմնադրամի” գրասենյակից կամ http://sdfund.sci.am կայքից:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետն է 2013թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 15-ը:
Հասցեն՝ 0019 Երևան, Մարշալ Բաղրամյան 24: Հեռ՝ 52-75-30, 58-36-91
Աղբյուրը` www.edu.am

Կայացավ մասնաճյուղի տնօրենի հանդիպումը Դիլիջանի ավագ և 5-րդ հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների հետ

2013թ. ապրիլի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց Դիլիջանի ավագ և 5-րդ հիմնական դպրոցի ավարտական դասարանների աշակերտների հետ՝ մասնագիտության ճիշտ ընտրության հարցում նրանց կողմնորոշելու,  դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցում էին նաև մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, իրավական հարցերի գծով տնօրենի խորհրդական Ա.Հովհաննիսյանը, երկու դպրոցների տնօրենները և ուսուցիչներ:

Տնօրեն Ս.Առաքելյանը նախ ներկայացրեց մասնաճյուղի ռազմավարական նպատակները, աշակերտներին ծանոթացրեց ԵՊՀ ԻՄ-ում դասավանդվող մասնագիտությունների մասին, ապա պատասխանեց աշակերտների ուղղած հարցերին:

Վերջում դպրոցների տնօրենները գոհունակություն հայտնեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար և նշեցին, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Նվիրատվություն ԵՊՀ ԻՄ գրադարանին

2013թ. ապրիլի 8-ին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց 60 գիրք՝ 300-ից ավելի գրքերից ու ամսագրերից, որոնք հավաքագրվել էին փետրվարին սկսված և վերջերս ավարտված գրքահավաքի շնորհիվ:

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների համար նախատեսված գրքահավաքին աջակցել է նաև մասնաճյուղի գրադարանը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հավաքագրված գրքերի մեջ ուսանողների և ավելի բարձր տարիքի անձնանց համար նախատեսված գրքերի առկայությունը՝ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը որոշեց դրանց մի մասը նվիրաբերել կրթօջախի գրադարանին:

Նվիրատվությանը ներկա էին մասնաճյուղի գրադարանի վարիչը, գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ և ուսանողներ: Ելույթ ունեցավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա ներկայացրեց գրքահավաքի մանրամասները և գրքերը հանձնեց գրադարանին:

Հավաքագրված մյուս գրքերը առաջիկայում կտրամադրվեն մարզի մի շարք գյուղերի դպրոցների:

Ավարտական աշխատանքների նախապաշտպանություն

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողներին, որ 2013թ. ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ավարտական աշխատանքների նախապաշտպանություն:

Մասնակցությունը պարտադիր է:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ

Դպրոցական օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին

2013թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ մարտի 16-ին ԵՊՀ-ի կողմից կազմակերպված դպրոցական օլիմպիադայում հաղթած աշակերտների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց տարբեր առարկաներից առավել բարձր միավորներ ստացած Տավուշի մարզի դպրոցների 12-րդ դասարանի 16 աշակերտների հետ:

Ներկա էին նաև մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները և Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչը:

Տնօրենը դպրոցականների հետ խոսեց մասնագիտությունների ընտրության, գիտելիքի կարևորության մասին: Նա շնորհավորեց բոլորին, մաղթեց հաջողություններ և հանձնեց դիպլոմներ ու գովասանագրեր:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի ՄԿՄԿ բաժնի վարիչ Վ.Չոբանյանը: Նա ևս շնորհավորեց հաղթողներին, խոսեց ԵՊՀ ԻՄ-ի՝ որպես մարզային բուհի առաքելության և նրա հետ համագործակցության մասին: Վ.Չոբանյանը նշեց, որ առաջիկայում մասնաճյուղում կազմակերպվելու է դպրոցականների ինտելեկտուալ խաղ և կոչ արեց անպայման մասնակցել խաղին: